Ժամանակակից աշխարհում օրգանների փոխպատվաստումն ամեն տարի հազարավոր կյանքեր է փրկում։ Հայաստանում բժշկության այս ոլորտը զարգանում է, բայց այն բախվում է լուրջ մարտահրավերների։ Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման որոշ վիրահատություններ կատարվում են, բայց դիակային  դոնորությունն այստեղ դեռևս չի գործում, չնայած դրա համար օրենսդրական հիմքը, թվում է թե գոյություն ունի։

Եկեք պարզենք՝ ինչպիսին է օրգանների փոխպատվաստման ներկայիս իրավիճակը Հայաստանում և ինչու մահացած մարդկանց օրգանները դեռևս չեն օգտագործվում կյանքեր փրկելու համար։

Ընթացիկ իրավիճակը՝ եղջերաթաղանթից մինչև լյարդ

Հայաստանում իրականացվում են օրգանների փոխպատվաստման վիրահատություններ, բայց ամենից հաճախ դա վերաբերում է հյուսվածքներին, որոնք համեմատաբար հեշտ է տեղափոխել։ Օրինակ՝ եղջերաթաղանթի փոխպատվաստումն իրականացվում է արտասահմանից ներմուծված մահացած դոնորի նյութով։ Բուժառուները վճարում են հյուսվածքի համար, և այն հասցվում է մեր երկիր վիրահատության համար։ Դա հնարավոր է այն պատճառով, որ եղջերաթաղանթն անհապաղ փոխպատվաստման կարիք չունի և կարելի է պահպանել։

Մյուս օրգանների պարագայում ամեն ինչ ավելի բարդ է։ Երիկամները, լյարդը և սիրտը չի կարելի պարզապես տեղափոխվել մեկ այլ երկրից. ժամանակը կարևոր է, և լոգիստիկ առումով խոչընդոտ է ստեղծվում։ Այստեղ կարող են օգնության հասնել ողջ դոնորները, սովորաբար՝ հարազատները, ովքեր պատրաստ են զոհաբերել սեփական օրգանը կամ դրա մի մասը՝ մերձավորին փրկելու համար։ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ կատարվում են լյարդի փոխպատվաստումներ ողջ դոնորներից, այդ վիրահատությանն ամեն տարի մոտ 200 հիվանդ է սպասում։ Սակայն, ինչպես նշում է վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արայիկ Ոսկանյանը, հաջողության շանսը փոքր է. մինչ օրս կատարվել է միայն ութ նման վիրահատություն։ Պատճառները ֆինանսական դժվարություններն ու համապատասխան դոնորների բացակայությունն են։ Ոչ բոլորն ունեն հարազատներ, որոնք կարող են և ցանկանում են դոնոր դառնալ։

Օրենսդրություն. տեսությունն ընդդեմ պրակտիկայի

Կան օրգաններ, մասնավորապես՝ սիրտը կամ թոքերը, որոնք չի կարելի վերցնել կենդանի մարդուց, այս դեպքում միակ տարբերակը դիակային դոնորությունն է։ Զարգացած երկրներում փոխպատվաստումների մինչև 70%-ը կատարվում է մահացած մարդկանց օրգաններով, որոնք բավարարում են պահանջարկի մեծ մասը։ Հայաստանում, չնայած մասնագետների և սարքավորումների առկայությանը, այդ պրակտիկան դեռևս չի ներդրվել։

Երկրում դիակային դոնորության օրենսդրական շրջանակը գործում է 2002 թվականից: Հայաստանը հետևում է ենթադրյալ համաձայնության մոդելին: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի մահից հետո համարվում է պոտենցիալ դոնոր, եթե նա կյանքի օրոք առարկություն չի հայտնել: Դիակային դոնորից օրգաններ վերցնելուց առաջ անհրաժեշտ է հաստատել ուղեղի մահը, երբ մարմինը պահվում է սարքավորումներով, բայց ուղեղը անդառնալիորեն վնասված է։

Երբ ուղեղի մահը հաստատվում է, կարելի է դիմել ընտանիքին՝ նրանցից համաձայնություն ստանալու համար: Եթե հարազատները համաձայն են, օրգանները կարող են օգտագործվել: Սակայն գործնականում նման ոչ մի վիրահատություն չի իրականացվել: Ինչո՞ւ: Ինչպես պարզաբանում է Արայիկ Ոսկանյանը, չկա միասնական waiting list (սպասման ցուցակ)՝ փոխպատվաստման կարիք ունեցող բուժառուների գրանցամատյան: Առանց դրա դժվար է ընտրել օրգան ստացող՝ համատեղելիության հիման վրա: Բացի դրանից, չկա ուղեղի մահն արձանագրող մշտական հանձնաժողով:

Ըստ Առողջապահության նախարարության խորհրդատու Հելեն Նազարյանի՝ օրենքը թույլ է տալիս տնօրենի հրամանով ստեղծել նման հանձնաժողով յուրաքանչյուր հիվանդանոցում: Նա առաջարկում է լուծում՝ անկախ ազգային հանձնաժողովից մինչև տեղում խմբի արագ ձևավորում: Նազարյանը շեշտում է, որ եթե ի հայտ գա գոնե մեկ հաջող դեպք, գրանցամատյանը կարող է արագ կազմակերպվել. հիվանդանոցներն արդեն ունեն բուժառուների ցանկեր։

Խոչընդոտներ՝ լոգիստիկայից մինչև հանրային ընկալում

Հիմնական խնդիրներից մեկը հանրային կրթությունն է։ Շատերը չեն ըմբռնում ուղեղի մահվան հասկացությունը. մինչ սիրտը բաբախում է սարքավորումների շնորհիվ, հարազատները կարծում են, թե մարդը ողջ է։ Արայիկ Ոսկանյանը նշում է մի պարադոքս. մարդիկ դեմ են իրենց մերձավորի համար սարքերն անջատելուն, բայց եթե իրենց սիրելիին օրգան է պետք, նրանք պահանջում են, որ մյուսները համաձայնեն դոնորության։

«Նախ, մենք կսովորեցնենք հասարակությանը հասկանալ, որ մեռած ուղեղով մարդը մահացած է»,- ասում է նա։

Դա կարող է տևել մեկ-երկու տարի, բայց առանց դիակային օրգանների հնարավոր չի լինի կյանքեր փրկել։

Ֆինանսները ևս դեր են խաղում. փոխպատվաստման վիրահատությունները թանկ են, և ոչ բոլորն են ի վիճակի դրանց համաիր վճարել։ Բայց հիմնական խոչընդոտը հոգեբանական է։ Հոգեբան Գոհար Չարխչյանը պարզաբանում է, որ նվիրաբերելու որոշումը դժվար է նույնիսկ հենց քեզ համար, և  մահացած հարազատի համար՝ առավել ևս։ Մահը հաճախ հանկարծակի է լինում, զգացմունքները ճնշող են, և նման պահին դժվար է ռացիոնալ մտածել։ Մանավանդ, որ հարազատները նախապես չեն քննարկում այդ թեման. դա արգելված թեմա է։

Ի՞նչ են մտածում հասարակությունն ու եկեղեցին

Երևանի փողոցներում անցկացված հարցումները բազմազան տեսակետներ են ցույց տալիս։ Դրանցից մի քանիսը դրական են. «Եթե կարելի է կյանք փրկել, դա մարդասիրական է»։ Մյուսները անձամբ համաձայն են. «Մահից հետո օրգաններ պետք չեն, ինչու՞ չօգնել»։ Բայց կան նաև կասկածամիտներ. «Չգիտեմ, սխալ է» կամ «Վախենում եմ՝ դա կվնասի հոգուն»։

Մեծ մասը սկզբունքորեն չի առարկում դիակային դոնորության գաղափարին, հատկապես, եթե այն կփրկի որևէ մեկի կյանքը։ Սակայն անհայտի հանդեպ վախը խանգարում է։ Շատերը կարծում են, թե եկեղեցին դեմ է այս երևույթին, բայց, ինչպես պարզվում է, դա առասպել է։ Հայ Առաքելական եկեղեցին աջակցում է դիակային դոնորությանը, եթե կոմերցիայի մատը խառը չէ։ Ինչպես ասում է Տեր Եսայի Արթենյանը, եթե օրգանը կամավոր կերպով փրկում է կյանքը, դրա նկատմամբ վերաբերմունքը դրական է։ Ըստ նրա՝ եկեղեցին պատրաստ է գիտության հետ երկխոսության  մահվան չափանիշները պարզաբանելու և սխալները բացառելու համար։ Եկեղեցին չի բացառում նաև հրաշքի հնարավորությունը։ 

Եկեղեցին, ըստ ներկայացուցիչների՝ պատրաստ է մասնակցել կրթությանը, եթե ստանա իր հարցերի պատասխանները։ Դա կարող է դառնալ կատալիզատոր. քահանաները կօգնեն ցրել առասպելները և խրախուսել քննարկումներն ընտանիքներում։

Պրոֆեսոր Արա Բաբլոյանը պատասխանում է հոգևորականների որոշ հարցերի. ուղեղի մահն անդառնալի է, հրաշքներ չեն լինում, և սխալներից խուսափելու համար հնարավոր է մի քանի անգամ ստուգել տարբեր մասնագետների հետ։

Գործելու ժամանա՞կն է

Մասնագետները համերաշխ են. Հայաստանն ունի դիակային դոնորության բոլոր ռեսուրսները։ «Միայն կամք է պետք», - ասում է Բաբլոյանը։ Հասարակությանը անպատրաստության մեջ մեղադրելը արդարացում է. երբ համակարգը սկսի աշխատել, մարդիկ կաջակցեն դրան։ Ոսկանյանը կոչ է անում արագացնել գործընթացը. ուշացման յուրաքանչյուր օրը կյանքեր է արժենում։ Մեկ դոնորը կարող է մինչև ութ մարդու կյանք փրկել և բարելավել 75 մարդու կյանքի որակը։