Տարեսկզբից Իտալիայում Արևմտյան Նեղոսի տենդից տասը մարդ է մահացել։ Հիվանդության դեպքեր են գրանցվել Բուլղարիայում, Հունաստանում, Ֆրանսիայում և Ռումինիայում
Արևմտյան Նեղոսի վիրուսը, որը տենդի հարուցիչն է, առաջին անգամ հայտնաբերվել է 1937 թվականին Ուգանդայում։ Մինչև 20-րդ դարի վերջը այն մնում էր «արևադարձային» հիվանդություն, սակայն 1999 թվականին Նյու Յորքում գրանցվել է առաջին դեպքը, որից հետո տենդը տարածվել է Հյուսիսային Ամերիկայում, իսկ հետո նաև Եվրոպայում։
Բժիշկները նշում են, որ վերջին տարիներին կլինիկական պատկերը փոխվել է և տենդի ախտանիշները գնալով ավելի են ծանրանում, հաղորդում է Euronews-ը։
Հիվանդությունը տարածվում է ոչ միայն մոծակների, այլև որոշ տզերի միջոցով։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ այն կարող է փոխանցվել նաև արյան փոխներարկման և օրգանների փոխպատվաստման միջոցով։
Կլիմայի փոփոխությունը նպաստում է վիրուսի տարածմանը. Եվրոպայի չափավոր կլիմայական գոտիներում տենդը սկսել է ի հայտ գալ ամռան կեսերից մինչև աշնան սկիզբը։
Վարակվածների մեծամասնության մոտ այն սովորաբար ընթանում է անախտանիշ, սակայն յուրաքանչյուր հինգերորդի մոտ նկատվում է մարմնի ցավ, գլխացավ և հոդացավեր, փսխում, փորլուծություն և ցան։
Շատ դեպքերում, առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողների միջոցով, հնարավոր է մեղմացնել ախտանիշները։
Բայց դեպքերի մոտ մեկ տոկոսում լուրջ բարդությունների ռիսկ կա, ինչպիսիք են էնցեֆալիտը կամ մենինգիտը։ Այսպիսի բարդությունների ռիսկին առավել ենթակա են 60-ից բարձր տարիքի մարդիկ, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, ինչպիսիք են քաղցկեղը, շաքարախտը, բարձր ճնշումը և երիկամային հիվանդությունները։
Բժիշկներին դեռևս չի հաջողվել գտնել արդյունավետ կանխարգելման և բուժման մեթոդներ, թեև որոշ հետազոտական ուղղություններ արդեն իսկ խոստումնալից են թվում։
Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ապաքինումը կարող է տևել մի քանի շաբաթ և նույնիսկ ամիսներ։ Բուժումը դեռևս հիմնականում ներառում է հանգիստ, հեղուկների և ջերմիջեցնող դեղամիջոցների ընդունում։
Վիրուսի կանխարգելումը, առաջին հերթին, մոծակներից պաշտպանվելու սովորական միջոցներն են (հագուստ, սփրեյներ, դեղամիջոցներ), ինչպես նաև միջատների դեմ պայքարի տարածաշրջանային ծրագրերը։ Վերջիններին ԵՄ-ում վերջերս մեծ ուշադրություն են դարձնում։
Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարի Արևմտյան Նեղոսի երկու լաբորատոր հաստատված դեպք է գրանցվել։






