Տասնամյակների ընթացքում առաջին անգամ տղամարդը ուրախություն է զգացել՝ սրտի խթանիչին նմանվող, սակայն ուղեղի համար նախատեսված սարքի շնորհիվ։ Այս հիվանդը 13 տարեկանից տառապում էր ծանր դեպրեսիայից և լիարժեք ռեմիսիայի կարողացել է հասնել միայն 44 տարեկանում։

«Նա երկար տարիներ անց առաջին անգամ ուրախություն է զգացել», - New Scientist-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մինեսոտայի համալսարանի ներկայացուցիչ Դեմիեն Ֆեյրը։

Հիվանդի համար հատուկ մշակված «սրտի խթանիչը», որը տեղադրվել է նրա ուղեղում, ընտրողաբար ակտիվացնում է տարբեր հատվածներ։ Նման թույլ էլեկտրական իմպուլսները կարող են արդյունավետ լինել, եթե հիվանդին նշանակվել են մի քանի տարբեր տեսակի հակադեպրեսանտներ, բայց դրանք գրեթե չեն օգնել, հայտնում է «Ֆոկուս»-ը։ Սակայն էլեկտրակոնվուլսիվ թերապիան (ԷԿԹ) նույնպես հաճախ թեթևություն չի բերում։

«Սա համընդհանուր մոտեցում է. դուք ազդում եք բոլորի մոտ նույն տեղամասի վրա [ուղեղում]», - պարզաբանել է Ֆեյրը։

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ուղեղ յուրօրինակ է, այդ իսկ պատճառով ոչ միշտ է հնարավոր դիպչել ճիշտ հատվածներին՝ մարդու վիճակը թեթևացնելու համար։

44-ամյա տղամարդը 13 տարեկանից դեպրեսիայի պատճառով հոսպիտալացվել էր։ Բժիշկները փորձել էին բուժման 20 տարբեր մեթոդներ՝ ներառյալ հակադեպրեսանտներ, թերապիա և ԷԿԹ, բայց ոչ մի բան երկարատև ազդեցություն չէր տվել։ Հիվանդը երեք անգամ ինքնասպանության փորձ էր կատարել։

«Սա դեպրեսիայի ամենածանր դեպքերից մեկն է», - ընդգծել է Ֆեյրը։

Նա և իր գործընկերները կարողացել են օգնել հիվանդին՝ նրա համար մշակելով ավելի անհատական մոտեցում։ Սկզբում նրա ուղեղը 40 րոպե շարունակ սկանավորվել է ՄՌՇ-ի միջոցով։ Սա թույլ է տվել քարտեզագրել նրա ծանր դեպրեսիայի հետ կապված ուղեղի ակտիվության չորս ցանցերի սահմանները։

Պարզվել է, որ նրա ուղեղի այն հատվածների համակարգը, որոնք արձագանքում են գրգռիչներին, 4 անգամ ավելի մեծ է, քան այն մարդկանց մոտ, ովքեր դեպրեսիայով չեն տառապում։ Ֆեյրի խոսքով՝ սա կարող էր նպաստել ախտանիշներին։

Դրանից հետո տղամարդու գլխի մեջ վիրահատական եղանակով տեղադրվել է էլեկտրոդների չորս խումբ՝ գանգի վրա արված երկու փոքր անցքերով։ Արդեն վիրահատությունից երեք օր անց արտաքին լարերով թույլ էլեկտրական իմպուլսներ են ուղարկվել՝ խթանելով չորս հատվածներից յուրաքանչյուրը։ Երբ խթանվել է առաջին ցանցը, որը պատասխանատու է ներքին էմոցիաների և ինքնազգացողության համար, տղամարդը ուրախությունից արտասվել է։

«Ես ուղղակի հիացած էի», - հիշել է Ֆեյրը։

Երբ խթանումը դիպավ նաև այն ցանցին, որը մասնակցում է գործողությունների պլանավորմանը, հիվանդը հանգստություն է զգացել։ Իսկ երբ թիրախավորել են նրա ճակատ-գագաթային ցանցը, որն օգնում է որոշումներ կայացնել, նա դարձել է ավելի կենտրոնացած։

Հետազոտողների կողմից տեղադրված սարքն աշխատում է որպես «սրտի խթանիչ», բայց ուղեղի համար։ Այն ապահովում է տարբեր հատվածների մեկ րոպե տևողությամբ խթանում՝ օրվա ընթացքում յուրաքանչյուր 5 րոպեն մեկ։ Առաջին վեց ամսում տղամարդը հատուկ հավելված է օգտագործել, որպեսզի մի քանի օրը մեկ փոխի խթանման ռեժիմները։ Նա նաև ամեն օր գրանցում էր դեպրեսիայի ախտանիշները, որպեսզի թիմը ամիսը մեկ անգամ վերլուծեր տվյալները և կատարեր անհրաժեշտ արդիականացումներ։

Վիրահատությունից արդեն 7 շաբաթ անց հիվանդի մոտ անհետացել են ինքնասպանության մտքերը, իսկ 9 ամիս անց նա մտել է ռեմիսիայի փուլ։ Նշվում է, որ նրա վիճակը կարճ ժամանակով մի փոքր վատացել է COVID-19-ով վարակվելուց հետո, բայց ընդհանուր առմամբ բարելավում է նկատվում արդեն ավելի քան 2,5 տարի։

Հիանալի արդյունք է, որը կարող է դառնալ դեպրեսիայի բուժման արդյունավետ մեթոդ՝ հատկապես բուժման նկատմամբ դիմադրողականություն ունեցող հիվանդների համար։ Այս մասին է վկայում Մեծ Բրիտանիայի Լոնդոնի Թագավորական քոլեջի ներկայացուցիչ Մարիո Հուրուենան։

Նոր մոտեցման անվտանգությունն ու առավելությունները ստուգելու համար հատուկ հետազոտություն է անհրաժեշտ։ Այն կանցկացվի հետևյալ կերպ. դեպրեսիա ախտորոշմամբ մարդկանց մեծ խումբը պատահականորեն կբաժանվի երկու խմբի, որոնցից մեկը կստանա խթանում, իսկ մյուսը՝ պլացեբո։ Թիմը հույս ունի դա իրականացնել առաջիկա երկու տարիների ընթացքում՝ ուղեղի համար նախատեսված «սրտի խթանիչը» ավելի շատ անհատական դեպքերի վրա փորձարկելուց հետո։