Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ չարորակ ուղեղի ուռուցքի բջիջները (գլիոբլաստոմաները) շաքարը կարող են վերածել նուկլեոտիդների՝ զարգացման և աճի շինանյութների։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature բժշկագիտական հանդեսում։
Նյութափոխանակությունը վերահսկելու համար հետազոտողները մկների և ուղեղի ուռուցք ունեցող բուժառուների մեջ հատուկ պիտակներով շաքար են ներարկել։ Պարզվել է, որ առողջ հյուսվածքները գլյուկոզը վերածում են էներգիայի և ուղեղի բնականոն գործունեության համար անհրաժեշտ նյութերի։ Գլիոբլաստոմայի բջիջները վերահղել են շաքարը՝ ստեղծելով նուկլեոտիդներ՝ ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի շինանյութներ, որոնք արագացրել են ուռուցքի աճը և տարածումը։
Գիտնականները միաժամանակ պարզել են, որ առողջ ուղեղում շաքարն օգտագործվում է ամինաթթուներ՝ սպիտակուցների բաղադրիչներ արտադրելու համար։ Սակայն ուռուցքների դեպքում այս գործընթացն «անջատված է», և անհրաժեշտ ամինաթթուները գալիս են անմիջապես արյունից։ Դա հետազոտողներին ստիպել է ենթադրել, որ արյան մեջ առանձին ամինաթթուների մակարդակի նվազեցումը կարող է դանդաղեցնել ուռուցքի զարգացումը՝ առանց խաթարելու առողջ ուղեղի գործունեությունը։
Մկների վրա կատարված փորձերի ժամանակ սերին և գլիցին ամինաթթուների արտադրության արգելափակումը ուժեղացրել է ճառագայթման և քիմիաթերապիայի ազդեցությունը. ուռուցքներն ավելի շատ են փոքրացել, քան սովորական սննդակարգով կենդանիների շրջանում։
Խումբն այժմ պատրաստվում է կլինիկական փորձարկումների՝ ստուգելու համար, թե արդյոք արյան մեջ սերինի մակարդակը նվազեցնող մասնագիտացված սննդակարգերը կարող են օգնել գլիոբլաստոմայի դեմ պայքարում։






