Ինքնաթիռի մեջտեղի նստատեղերից մեկը զբաղեցրած ուղեւորը, փռշտալու դեպքում, կարող է սրահում ներկա գտնվող բոլոր մարդկանց՝ իր օրգանիզմից արտանետված մանրէներով վարակման պատճառ դառնալ: Այդ մասին ANSYS ընկերության՝ մաթեմատիկական մոդելավորման միջոցով ինքնաթիռի սրահում օդի տեղաշարժի անիմացիոն պատկերումը ստացած մասնագետներն են վկայել: Վերը բերված տեսանյությում երեւում է, որ փռշտացող ուղեւորից մանրէներ «ձեռք բերելու» ամենամեծ ռիսկին նրա ուղղությամբ եւ նախորդ շարքում նստած ուղեւորներն են ենթարկվում:
Սակայն պարզվում է՝ այդ փոքրիկ՝ տարատեսակ հիվանդությունների առաջացման համար պատասխանատու մասնիկները կարող են անհամեմատ ավելի երկար ճամփորդել: Իմունիզացիայի հարցերով զբաղվող փորձագետների վկայությամբ, դրանք երբեմն սկզբնաղբյուրից մինչեւ 15 մետր հեռավորության վրա կարող են հայտնաբերվել, ինչը միանգամայն բավական է՝ օդանավի սրահում առկա բոլոր ուղեւորներին վարակելու համար: Այնպես որ, նման պարագայում այս կամ այն հիվանդությունից միայն դրա դեմ մշակված պատվաստանյութի ընդունումը կարող է փրկել:
Բիրմինգհեմի համալսարանին կից գործող իմունային պաշտպանության դպրոցի միկրոկենսաբանության ամբիոնը ներկայացնող պրոֆեսոր Յան Հենդերսոնը, The Daily Mail-ի վկայակոչմամբ, համաձայն է տեսանյութի հեղինակների հետ:
«Ճիշտ է՝ բավական է գրիպով վարակված մեկը փռշտա, եւ ամբողջ տարածքը, 15 մետր տրամագծով, կարող է վարակվել: Ինքնաթիռում հարեւանությամբ նստած ուղեւորի պարագայում վարակման հավանականությունը մեկից մեկ է, եթե, իհարկե, հիվանդության դեմ իմունազացիա չի իրականացվել: Եվ այդուհանդերձ, գրասենյակում կամ մարդաշատ կինոթատրոնում վարակվելու վտանգն ավելի բարձր է, քանի որ, ի տարբերություն օդանավի, որտեղ օդը երկու թե երեք րոպեն մեկ մաքրվում է, գրասենյակում կամ կինոթատրոնում այն շարունաբար աղտոտված է մնում», - նշել է նա՝ հավելելով, որ, բացի վերը հիշատակվածից, հիվանդությամբ վարակվելու ռիսկի այլ գործոններ եւս գոյություն ունեն:
«Եթե նախկինում ունեցել եք այդ հիվանդությունից, կարող եք դրա դեմ կայուն իմունային համակարգ ունենալ, ինչն, ըստ էության, մանրէից պաշտպանություն է ենթադրում: Բացի այդ, վարակակիր մասնիկների քանակը եւս նշանակություն ունեն: Բնականաբար, ամեն ինչ շատ ավելի վատ է, երբ անմիջապես Ձեր դեմքին են փռշտացել», - մեկնաբանել է պրոֆեսոր Հենդերսոնը՝ հիշեցնելով, որ ներկայումս համաշխարային հանրության մտահոգության համար առաջին պատճառներից մեկը դարձած Էբոլա վիրուսը օդակաթիլային ճանապարհով չի փոխանցվում եւ, հետեւաբար, չի կարող փռշտոցից տարածվել:
Ամենից առաջ, պրոֆեսորի պնդմամբ, հարկ է ռինովիրուսից՝ սովորական մրսածությունից եւ գրիպից զգուշանալ: Ընդ որում, դրանցով մեծ հավանականությամբ նաեւ հասարակական տրանսպորտում կարելի է վարակվել:
«Այդուհանդերձ, դա դեռ չի նշանակում, թե մարդիկ չպետք է տնից դուրս գան: Ընդհանրապես, մանրէներից անհնար է խուսափել: Նույնիսկ տանը: Օրվա ընթացքում յուրաքանչյուր մարդ, առանց հիվանդանալու, հազարավոր մանրէների հետ է շփման մեջ մտնում: Իսկ լավագույն լուծումը վակցինացիան է: Եթե պատվաստանյութը կա, ուրեմն նաեւ Ձեզ համար է», - մեկնաբանել է փորձագետը:






