Հայաստանում հաշվառված թմրամիջոցներ օգտագործող մարդկանց մեծ մասը մեծահասակներ են: Սակայն, ինչպես հոգեբան Լիլիթ Բաղդասարյանն է պնդում, վերջին 2-3 տարիներին հոգեբաններին ավելի հաճախ դիմում են թմրամիջոցների հետ խնդիրներ ունեցող դեռահասների ծնողները:
Ինչու՞ են դեռահասները թմրամիջոցներ օգտագործում:
Պատճառներից մեկը, հոգեբանի խոսքով, հետաքրքրությունների բացակայությունն է. որքան շատ է երեխան ներգրավված ուսումնական գործընթացի մեջ, որքան շատ հոբբիներ ունի, այնքան փոքր է հավանականությունը, որ նա կարող է սկսել թմրամիջոցներ օգտագործել: Եւ՝ հակառակը. հետաքրքրություններից զուրկ դեռահասները ավելի հաճախ են նմանատիպ խնդիրների հետ առնչվում:
Ինչպես հոգեբանն է նշել, դեռահասների համար շատ կարեւոր է նշանակալի խմբի մեջ ներգրավված լինելը (խմբին պատկանելու այդ ցանկությունը, հոգեբանի խոսքով, կոչվում է աֆիլիատիվ պահանջմունք): Քանի որ Հայաստանում հետաքրքիր մշակութային/սպորտային խմբերը բավական քիչ են, շատ դեռահասներ կարող են ներգրավվել ավելի մեծ տարիքի մարդկանց խմբերում, որտեղ կարող են նաեւ թմրամիջոցներ օգտագործող մարդիկ լինել: Ինքնահաստատվելու եւ նրանց նմանվելու համար դեռահասները կարող են նույնպես սկսել թմրամիջոցներ օգտագործել:
Ինչպե՞ս է հնարավոր նրանց հետ պահել թմրամիջոցներ օգտագործելուց:
Լիլիթ Բաղդասարյանը պնդում է, որ բոլոր կանխարգելիչ միջոցառումները պետք է կատարվեն դեռ մինչեւ դեռահասության ճգնաժամը: Առաջին հերթին պետք է այնպես անել, որ երեխան հստակ, կայուն ուսումնական մոտիվացիա եւ տարատեսակ հետաքրքրություններ եւ հոբբիներ ունենա: Այդ դեպքում դեռահասության ճգնաժամի հետ կապված բոլոր խնդիրները ավելի հեշտ կլուծվեն, իսկ երեխայի՝ վատ շրջապատում հայտնվելու եւ այնտեղ ինքնահաստատվելու հավանականությունը կնվազի:






