2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է թմրամիջոցներ օգտագործող 4922 մարդ՝ մոտ 600-ով ավելի, քան նախորդ տարի (2013 թվականի սկզբին հաշվառված է եղել 4332 մարդ): Այս մասին լրագրողներին պատմել է Առողջապահության ազգային ինստիտուտի թմրամիջոցների եւ թմրամոլների մոնիտորինգի ղեկավար Սուրեն Նազինյանը:
Ի՞նչ թմրամիջոցներ են օգտագործում
Սուրեն Նազինյանի խոսքով, 2902 հոգի հաշվառված է ափիոնատիպ նյութերի (քնաբեր կակաչից ստացվող նյութերի եւ դրանց սինթեթիկ փոխարինողների) օգտագործման համար: 2018 հոգի հաշվառված է կանաբիոիդային թմրամիջոցների (կանաբիսից պատրաստվող թմրամիջոցներ) գործածման համար: Եւ եւս 2 հոգի հաշվառված է կոկաինի օգտագործման համար:
Տարիք
Հաշվառված մարդկանց 70 տոկոսը 28-49 տարեկան քաղաքացիներն են: Դեռահասների թիվը այնքան էլ մեծ չէ. հաշվառված է ընդամենը մեկ 14 տարեկան դեռահաս եւ 3 հոգի՝ 18 տարեկան:
19-27 տարեկանները 485-ն են, 50-64 տարեկանները 931-ն են, իսկ 65 տարեկանից բարձր 24 հոգի է հաշվառված:
Սեռ
Հաշվառված մարդկանց մեծ մասը տղամարդիկ են: Ընդամենը 67 կին կա հաշվառված, որոնցից 26-ը՝ կանաբիոիդների, իսկ 41-ը՝ ափիոնատիպ նյութերի օգտագործման համար:
Այլ ուսումնասիրություններ
Պաշտոնական տվյալներից բացի կան նաեւ ուսումնասիրությունների արդյունքում ստացված տեղեկություններ: Սուրեն Նազինյանը նշել է, որ վերջին անգամ նման ուսումնասիրություն է իրականցրել ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը՝ 2010-2011 թվականներին: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ երկրում առնվազն 12700 ներարկային թմրամիջոց օգտագործող կա:






