Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները արհեստական բանականության մոդել են մշակել, որը նախկինում չնկատվող ազդանշաններ է նույնականացնում վիրահատությունից հետո կատարվող էլեկտրասրտագրություններում, ինչը հնարավորություն է տալիս ճշգրիտ կանխատեսել կյանքին սպառնացող բարդությունները: Տեխնոլոգիան զգալիորեն գերազանցում է բժիշկների կիրառած ռիսկի գնահատման առկա եղանակներին: Հետազոտությունը հրապարակվել է British Journal of Anaesthesia (BJA) բժշկագիտական հանդեսում:
«Մենք ցույց ենք տվել, որ նույնիսկ բազային էլեկտրասրտագրությունը կարևոր տեղեկություն է պարունակում, որն անհնար է նկատել անզեն աչքով: Միայն մեքենայական ուսուցման մեթոդները կարող են քաղել այդ տեղեկությունը»,- նշել է աշխատության առաջատար հեղինակ, ինֆորմատիկայի, ինտեգրման և նորարարության բաժնի ղեկավար Ռոբերտ Դ. Սթիվենսը:
Ծանր վիրահատությունից հետո բուժառուդների զգալի մասը 30 օրվա ընթացքում ծանր բարդություններ է ունենում՝ սրտի կաթված, ուղեղի կաթված կամ մահ: Ներկա ռիսկի սանդղակները նման արդյունքներ են կանխատեսում միայն դեպքերի մոտ 60%-ում:
Հետազոտողները ենթադրել են, որ էլեկտրասրտագրությունը կարող է թաքնված մարկերներ պարունակել, որոնք առնչվում են ոչ միայն սրտի վիճակին, այլև բորբոքմանը, նյութափոխանակությանը, հորմոնալ կարգավորմանը և էլեկտրոլիտների մակարդակին: Այդ հիպոթեզը ստուգելու համար նրանք վերլուծել են Բոստոնում վիրահատության ենթարկված 37 հազար բուժառուների նախավիրահատական էլեկտրասրտագրության տվյալները։
Մշակվել են երկու ալգորիթմներ. մեկն աշխատում էր միայն էլեկտրասրտագրության հետ, մինչդեռ մյուսը՝ այսպես կոչված «միաձուլման մոդելը», համատեղում էր էլեկտրասրտագրության տվյալները բուժառուի բժշկական պարամետրերի (տարիք, սեռ և ուղեկցող հիվանդություններ) հետ։
Երկու ալգորիթմներն էլ ճշգրտությամբ գերազանցում էին առկա ռիսկի սանդղակները, բայց «միաձուլման մոդելը» ապացուցեց, որ ամենաարդյունավետն է՝ 85% ճշգրտությամբ կանխատեսելով բարդությունները։
«Հատկանշական է, որ էլեկտրասրտագրության տվյալների ընդամենը 10 վայրկյանը կարող է նման ճշգրիտ կերպով կանխատեսել վիրահատության արդյունքները։ Դա իսկապես նշանակալի արդյունք է, որը կարող է փոխել վիրաբուժական ռիսկերի գնահատման եղանակը»,- նշել է հետազոտության համահեղինակ, կենսաբժշկական ճարտարագիտության ամբիոնի ասպիրանտ Կարլ Հարիսը։
Հաջորդ քայլը կլինի ալգորիթմի վավերացումը ավելի մեծ նմուշների վրա և վիրահատության նախապատրաստվող բուժառուների վրա իրական ժամանակում փորձարկումը։






