Ինչու՞ են մարդիկ սկսում թմրամիջոցներ օգտագործել: Ի՞նչ է դրդում նրանց դեպի այդ քայլը: Այդ հարցերին պատաստխանելու համար 2014 թվականի փետրվար-մարդ ամիսներին իրականացվել է ուսումնասիրություն՝ անանուն հարցում, որին մասնակցել է թմրամիջոցներ օգտագործող 157 դատապարտյալ:
Առողջապահության ազգային ինստիտուտի թմրամիջոցների և թմրամոլների մոնիտորինգի ղեկավար Սուրեն Նազինյանը պատմել է, որ, ըստ ընդունված մեթոդաբանության, թմրամիջոցների օգտագործման պատճառները բաժանվում են երեք հիմնական խմբերի, որոնցից երկուսն ունեն նաեւ ենթախմբեր.
- Անձնական կամ անհատական խնդիրներ եւ պահանջներ՝
- Հաճույքապաշտական դրդապատճառներ (երբ մարդիկ հաճույք ստանալու համար են դիմում թմրամիջոցներին);
- Ատարակտիկ, բացառական հույզերը բացառելու հետ կապված դրդապատճառներ;
- Վարքային դրսեւորումները գերակտիվացնելու կամ խթանելու դրդապատճառներ:
- Սոցիալ-հոգեբանական դրդապատճառներ՝
- Ավանդույթային (կան երկրներ եւ հասարակություններ, որտեղ թմրամիջոցների գործածումը ավանդույթային է՝ օրինակ, ինչ-որ ավանդական ծիսակատարության մաս է);
- Սուբմիսիվ (թմրամիջոցների օգտագործում՝ այլ մարդկանց ճնշմամբ կամ այլ մարդկանց նմանվելու ցանկությամբ);
- Կեղծ-մշակութային (թմրամիջոցների օգտագործում՝ տարբեր սուբկուլտարաների պահանջներին եւ թելադրանքներին հետելու համար):
- Ախտաբանական դրդապատճառներ:
Ըստ ընդունված մեթոդաբանության, հիմնական պատճառները սրանք են: Հայաստանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ երկրում առաջին տեղում է անձնական խնդիրների պատճառով թմրամիջոցների գործածումը (այսինքն, մարդիկ ցանկանում են հաճույք ստանալ կամ երբեմն մեղմել հուզական ապրումները, բացասական էմոցիաներից ազատվել), իսկ սոցիալ-հոգեբանական դրդապատճառները (այլ մարդկանց նմանվելու ցանկությունը, ինչ-որ մշակութային պահանջներին հետեւելը եւ այլն) երկրորդ տեղում են:






