ԵՄ երկրներում, ըստ Հաշվիչ պալատի զեկույցի, դեղորայքի պակասն օրեցօր ավելի է սրվում և անցյալ տարի հասել է ռեկորդային մակարդակի։

Ըստ զեկույցի՝ խնդիրը սրվում է այս ոլորտում համաեվրոպական վերահսկողության կառուցվածքի բացակայությամբ և առանձին երկրների միջև օրենքների էական տարբերություններով, հաղորդում է Euronews-ը։

2022-2024 թվականներին Եվրոպական դեղորայքի գործակալությանը (EMA) հաղորդվել է դեղերի կրիտիկական պակասի 136 դեպքի մասին։ Այս տարվա մարտի դրությամբ 34 դեղամիջոցի պակաս կար, որոնցից 16-ը Եվրոպական հանձնաժողովի անհրաժեշտ դեղերի ցանկում են։

Դեղերն այս ցանկում հայտնվում են արտադրության խնդիրների, պահանջարկի կտրուկ աճի կամ արտադրողի կողմից ապրանքը վաճառքից հանելու որոշման պատճառով՝ մատակարարումը ժամանակավորապես կամ մշտապես սահմանափակող ցանկացած գործոնի պարագայում։

Դեֆիցիտային դեղերի ցանկում ներառված են կենսականորեն կարևոր դեղամիջոցներ, մասնավորապես՝ թրոմբոլիտիկները, ամոքսիցիլինի հակաբիոտիկը և ցիանիդային թունավորման հակաթույնները։

Հաշվիչ պալատը դեղերի մատչելիության և պաշարների վերաբերյալ տվյալների մասնատված բնույթը համարում է առանցքային խնդիրներից մեկը։ Տարբեր երկրներ տարբեր կանոններ են սահմանում։

Օրինակ՝ Նիդեռլանդներում դեղորայք արտադրողները պարտավոր են Առողջապահության նախարարությանը տեղեկացնել պաշարների պակասի մասին առնվազն երկու ամիս առաջ, եթե սպասվող մատակարարման ժամկետը գերազանցում է երկու շաբաթը։

Սակայն հարևան Բելգիայում արտադրողները կարող են սպասել մինչև այն պահը, երբ պաշարները գործնականում կսպառվեն։

Ավելին, արտադրողներն, ըստ երևույթին, միայն տեղեկացնում են իրենց երկրի կարգավորող մարմիններին, որոնք այնուհետև այդ տեղեկությունը փոխանցում են համաեվրոպական մարմիններին։ Գործնականում այդ հաշվետվությունը կարող է ուշանալ կամ նույնիսկ կորել։ Որոշ երկրներ, ըստ աուդիտորների, Բրյուսելին նման տեղեկություն ընդհանրապես չեն տրամադրում։

Զեկույցում նշվում է, որ խնդիրը հայտնի է եղել տարիներ շարունակ, և Եվրամիությունը մի քանի լուրջ քայլեր է ձեռնարկել՝ ընդունելով օրենքներ կարևորագույն դեղերի վերաբերյալ, բայց իրավիճակը չի բարելավվում։

Աուդիտորները նշել են, որ վերոնշյալ օրենքներում բացակայում են հարկադրման մեխանիզմները, մասնավորապես՝ պատժամիջոցները, որոնք Եվրոպական հանձնաժողովին կամ EMA-ին հնավորություն կտան ապահովելու հաշվետվությունների պարտավորությունների կատարումը։