Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող է զգալիորեն նվազեցնել դեպրեսիայի ախտանիշները և բարելավել քնի որակը 40 տարեկանից բարձր ծխողների մոտ: Արդյունքները հրապարակվել են Sleep Health բժշկագիտական  հանդեսում:

Հետազոտությանը մասնակցել է 40-70 տարեկան ավելի քան 5000 մասնակից: Բոլոր ծխողների հոգեկան առողջությունը և քնի որակը գնահատվել են հարցաթերթիկների և բժշկական զննումների միջոցով: Մասնակիցները, որոնք շաբաթական առնվազն 150 րոպե զբաղվում էին միջին ինտենսիվության ֆիզիկական ակտիվությամբ (օրինակ՝ արագ քայլք կամ թեթև վազք), պակաս ակտիվ ծխողների համեմատ դեպրեսիայի ախտանիշների զգալի նվազում են ցույց տվել:

Ավելին, ակտիվ մասնակիցները հայտնել են քնի ավելի քիչ խնդիրների մասին. նրանք ավելի արագ են քուն մտել, գիշերը ավելի քիչ են արթնացել և առավոտյան ավելի հանգստացած են զգացել: Հետազոտողների կարծիքով, ֆիզիկական ակտիվությունը նպաստում է տրամադրության համար պատասխանատու էնդորֆինների և սերոտոնինի արտադրությանը, ինչպես նաև բարելավում է ցիրկադային ռիթմերը (օրգանիզմի քնի և արթունության հերթափոխումը կարգավորող՝ 24 ժամը մեկ կրկնվող բնական գործընթաց -խմբ):

Ուշագրավ է, որ ազդեցությունը հատկապես նկատելի էր չափավոր ծխող մասնակիցների շրջանում (օրական մոտ 10-20 ծխախոտ), սակայն նույնիսկ ավելի շատ ծխողների շրջանում ֆիզիկական ակտիվության դրական ազդեցությունը պահպանվել է։ Դա ընդգծում է կանոնավոր ֆիզիկական ակտիվությունն առօրյա կյանքում ներառելու կարևորությունը՝ անկախ ծխել-չծխելու հանգամանքից։

Գիտնականները նշել են, որ ֆիզիկական ակտիվությունը «բոլոր խնդիրների լուծումը» չէ. ծխելը թողնելը մնում է սրտի հիվանդությունների, թոքերի հիվանդությունների և քաղցկեղի ռիսկը նվազեցնելու բանալին։ Ընդսմին, վարժությունների ներառումը կարող է կարևոր գործիք լինել հոգեկան և ֆիզիկական առողջությունը բարելավելու համապարփակ ռազմավարության մեջ։

Ընդհանուր առմամբ, հետազոտությունը հաստատել է այն գաղափարը, որ նույնիսկ եթե մարդը ծխում է, առողջ սովորությունները, մասնավորապես՝ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, կարող են չեզոքացնել անառողջ սովորությունների որոշ բացասական ազդեցությունները՝ բարելավելով տրամադրությունը և կյանքի որակը։