Դիմեթիլտրիպտամինը (ԴՄՏ) հոգեակտիվ միացություն է, որը հայտնաբերվել է բազմաթիվ բույսերում և մարդու օրգանիզմում և կարող է վերականգնել ուղեղը ինսուլտից հետո։ Այս մասին հայտնել են HUN-REN BRC Կենսաֆիզիկայի ինստիտուտի և Զեմելվայսի համալսարանի (Հունգարիա) գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances (SciAdv) ամսագրում։
ԴՄՏ-ն վաղուց հայտնի է որպես արարողակարգային պրակտիկաներում կիրառվող ավանդական բուսական պատրաստուկների բաղադրիչ։ Սակայն այժմ հետազոտողները պարզել են, որ այն կարող է պաշտպանել ուղեղը իշեմիկ ինսուլտի հետևանքներից։
Կենդանիների և բջջային կուլտուրաների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ ԴՄՏ-ն նվազեցնում է ուղեղի վնասվածքների ծավալը, իջեցնում է այտուցը և վերականգնում է արյուն-ուղեղային պատնեշը՝ արյունատար համակարգի և նյարդային հյուսվածքի միջև պաշտպանիչ կառուցվածքը։
«Մենք պարզել ենք, որ ԴՄՏ-ն նաև բարելավում է աստրոգլիալ բջիջների աշխատանքը, որոնք մասնակցում են նյարդային հյուսվածքի վերականգնմանը», - հայտնել է հետազոտության համահեղինակ Մարսել Լասլոն։
ԴՄՏ-ն ազդում է ուղեղի հատուկ հատվածների վրա, որոնք ներգրավված են նյարդային համակարգի պաշտպանության գործում։ Այդ նյութը նվազեցնում է բորբոքային ռեակցիա առաջացնող մոլեկուլների (ցիտոկինների) ակտիվությունը։ Այս բազմապրոֆիլային ազդեցությունը ԴՄՏ-ն դարձնում է հեռանկարային միջոց, որը կարող է ուժեղացնել ինսուլտի բուժման արդեն գոյություն ունեցող մեթոդների արդյունավետությունը։
«Ներկայումս ինսուլտի բուժման հասանելի մեթոդները բավականին սահմանափակ են։ Մենք կարծում ենք, որ բնական նյութը, որն ունակ է միաժամանակ ամրացնել արյուն-ուղեղային պատնեշը և նվազեցնել բորբոքումը, բուժման բոլորովին նոր ուղի է բացում»,- նշել է հետազոտության համահեղինակ Յուդիտ Վիգը։
Ներկայումս ԴՄՏ-ն կլինիկական փորձարկումներ է անցնում՝ մարդկանց համար դրա անվտանգությունն ու արդյունավետությունը ստուգելու նպատակով։ Գիտնականները հույ ունեն, որ այս բնական միացությունը ժամանակի ընթացքում հիմք կդառնա նոր նեյրոպաշտպանիչ դեղամիջոցների համար։






