Լոձի համալսարանի (Լեհաստան) գիտնականները հայտնաբերել են, որ չիչխանի սերմերի էքստրակտները կարող են ճնշել արյան բջիջների ակտիվությունը, որոնք մասնակցում են թրոմբների (մակարդուկների) առաջացմանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում։
Լաբորատոր փորձերում հետազոտողները համեմատել են հում և բոված սերմերից ստացված էքստրակտների ազդեցությունը։ Պարզվել է, որ հենց բոված չիչխանի սերմերն են առավել արդյունավետորեն խոչընդոտում թրոմբոցիտներին միանալ կոլագեն և ֆիբրինոգեն սպիտակուցներին։ Վերջիններս մասնակցում են կոագուլյացիային՝ արյան թրոմբների ձևավորմանը։
Գիտնականները բացատրել են, որ կոագուլյացիան (մակարդումը) օրգանիզմի բնական պաշտպանական մեխանիզմ է, որն օգնում է դադարեցնել արյունահոսությունը վնասվածքների դեպքում։ Սակայն, թրոմբագոյացման բարձր հակումը կարող է վտանգավոր լինել. արյան ավելորդ մակարդուկները (թրոմբները) ունակ են խցանել անոթները՝ բարձրացնելով ինսուլտի և ինֆարկտի ռիսկը։
Հիմնական ակտիվ նյութը եղել է իզոռամնետին ֆլավոնոիդը։ Այն ոչ միայն իջեցնում էր թրոմբոցիտների ակտիվացման մարկերների մակարդակը, այլև երկարացնում էր թրոմբի գոյացման ժամանակը։ Գիտնականները ենթադրում են, որ դա վկայում է արյան ախտաբանական մակարդելիությունը կանխելու պոտենցիալ ունակության մասին։
Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունն անցկացվել է in vitro (փորձանոթում)։ Արդյունքները ցույց են տալիս չիչխանի ներուժը որպես հակաագրեգանտների բնական աղբյուր (թրոմբագոյացումը խոչընդոտող նյութեր)։ Միևնույն ժամանակ, գիտնականներն ընդգծում են հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը, ներառյալ կլինիկական փորձարկումները, որպեսզի հաստատվի նման միացությունների արդյունավետությունն ու անվտանգությունը մարդու կողմից օգտագործման դեպքում։






