Տեստոստերոնի գելի կիրառումը տղամարդկանց ավելի հակված է դարձնում ընդօրինակելու մրցակիցների վարքը սոցիալական խաղերում։ Նման եզրակացության են եկել չինացի հետազոտողները։ Աշխատությունը հրապարակվել է Psychoneuroendocrinology (PNE) ամսագրում։

Փորձին մասնակցել են 62 առողջ երիտասարդ տղամարդիկ՝ 21–22 տարեկան։ Մի խմբի ուսին քսել են տեստոստերոնի գել (150 մգ), մյուսին՝ պլացեբո։ Ոչ մասնակիցները, ոչ էլ փորձարարները չգիտեին, թե որ միջոցն է օգտագործվել։ Մեկ ժամ անց կամավորները մինչև 100 ռաունդ խաղացել են «բանտարկյալի երկընտրանք» խաղի ձևափոխված տարբերակը՝ համակարգչային մրցակցի հետ։ Յուրաքանչյուր ռաունդից հետո կարելի էր հակառակորդին ուղարկել չորս էմոջիից մեկը։

«Բանտարկյալի երկընտրանքը»՝ խաղերի տեսության դասական խնդիր է, որում երկու խաղացող ընտրություն են կատարում համագործակցության և դավաճանության միջև։ Միասնական համագործակցությունը շահավետ է երկուսի համար, սակայն մի խաղացողի դավաճանությունը նրան ավելի մեծ օգուտ է բերում, եթե երկրորդը շարունակում է համագործակցել։ Միևնույն ժամանակ, երկուսի կողմից դավաճանությունը երկուսի համար էլ պարտություն է։

Արդյունքները ցույց են տվել, որ տեստոստերոնի ազդեցության տակ տղամարդիկ ավելի հաճախ էին համագործակցում, եթե գործընկերը նույնպես համագործակցություն էր ընտրում և ավելի հաճախ էին դավաճանում՝ ի պատասխան դավաճանության։ Բացի այդ, նրանք ավելի հաճախ զայրացած էմոջիներով էին պատասխանում մրցակցի կողմից ուղարկված տխուր կամ զայրացած նշաններին։

«Տեստոստերոնն ուժեղացնում է տղամարդկանց մոտ համագործակցության նկատմամբ հակումը. նրանք ավելի պատրաստակամ են գնում գործարքի, եթե մրցակցին արժանի են համարում», — նշել են հետազոտության հեղինակները։