Ամերիկացի գիտնականները առաջին անգամ ստեղծել են վաղ փուլի մարդկային սաղմեր՝ մանիպուլյացիայի ենթարկելով մարդկանց մաշկի բջիջներից վերցված ԴՆԹ-ն և այնուհետև դրանք բեղմնավորելով սերմնահեղուկով։
Այս մեթոդը կարող է օգնել հաղթահարել ծերության կամ հիվանդության պատճառով առաջացած անպտղությունը՝ որպես կյանքի մեկնարկային կետ օգտագործելով մարմնի գրեթե ցանկացած բջիջ: Այն նույնիսկ կարող է թույլ տալ միասեռ զույգերին ունենալ գենետիկորեն կապված երեխա:
Մեթոդը էական բարելավման կարիք ունի, որը կարող է տևել տասը տարի, նախքան անպտղության բուժման կլինիկան կկարողանա գոնե քննարկել այն օգտագործելու հնարավորությունը։
Նախկինում բազմացումը (ռեպրոդուկցիան) պարզ պատմություն էր այն մասին, թե ինչպես է տղամարդու սպերմատոզոիդը հանդիպում կնոջ ձվաբջջին։ Դրանք միանում են՝ կազմելով սաղմ (էմբրիոն) և ինը ամիս հետո լույս աշխարհ է գալիս երեխան։
Այժմ գիտնականները փոխում են կանոնները։ Այս վերջին փորձը սկսվում է մարդու մաշկից։ Օրեգոնի Առողջապահության և գիտության համալսարանի հետազոտական խմբի մեթոդիկայի համաձայն՝ միջուկը, որը պարունակում է մարմին կառուցելու համար անհրաժեշտ ողջ գենետիկական կոդի պատճենը, հանվում է մաշկի բջիջից։ Այնուհետև այն տեղադրվում է դոնորական ձվաբջջի մեջ, որից հեռացվել են գենետիկական հրահանգները։ Այս պահին տեխնոլոգիան նման է այն տեխնոլոգիային, որն օգտագործվել է Դոլի ոչխարի՝ աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունի ստեղծման ժամանակ, որը լույս աշխարհ է եկել 1996 թվականին։
Սակայն այս ձվաբջիջը պատրաստ չէ սպերմատոզոիդի կողմից բեղմնավորման, քանի որ այն արդեն պարունակում է քրոմոսոմների ամբողջական հավաքածու։
Մարդը իր ծնողներից յուրաքանչյուրից ժառանգում է 23 նման ԴՆԹ հատված և ընդհանուր առմամբ ձվաբջիջն արդեն ունի 46 նման հատված։
Այսպիսով, հաջորդ փուլը բաղկացած է նրանից, որ «համոզեն» ձվաբջջին հրաժարվել իր քրոմոսոմների կեսից այն գործընթացում, որը հետազոտողներն անվանել են «միտոմեյոզ» (այս բառը նշանակում է միտոզի և մեյոզի՝ բջիջների բաժանման երկու եղանակների ձուլում)։
Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ստացվել է 82 ֆունկցիոնալ ձվաբջիջ։ Դրանք բեղմնավորվել են սերմնահեղուկով և դրանցից մի քանիսը հասել են սաղմերի զարգացման վաղ փուլերին։ Դրանցից ոչ մեկը չի զարգացել վեցօրյա փուլից ավելի։
Սակայն տեխնիկան դեռևս հեռու է կատարյալ լինելուց, քանի որ ձվաբջիջը պատահականորեն է ընտրում, թե որ քրոմոսոմները հեռացնել։
Ի վերջո, հիվանդությունը կանխելու համար անհրաժեշտ է, որ այն ստանա յուրաքանչյուր տիպի 23 քրոմոսոմներից մեկը, սակայն արդյունքում դրանցից ոմանց մոտ մնում է երկու, իսկ մյուսների մոտ՝ ոչ մի քրոմոսոմ։






