Ջոնս Հոփքինսի կլինիկայի գիտնականները փորձարարական հետազոտություններ են անցկացրել կրծքագեղձի, ենթաստամոքսային գեղձի և մկանային հյուսվածքի ուռուցքներ ունեցող մկների վրա և հայտնաբերել են իմունային համակարգն ամրապնդելու նոր միջոց, որը խոչընդոտում է քաղցկեղի կրկնությանը և բարելավում գոյատևումը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Immunology ամսագրում։
Չարորակ ուռուցքները հաճախ «իմունաճնշող» են կամ «իմունային առումով սառը». օրգանիզմի իմունային համակարգը չի ճանաչում դրանք կամ չի հարձակվում դրանց վրա։ Նման պացիենտները սովորաբար վատ են արձագանքում բուժման ավանդական մեթոդներին և նրանց առողջությունն ավելի վատն է։ Հետազոտողները որոշել են «արթնացնել» նման ուռուցքները՝ դրանք «տաքացնելու» միջոցով, որպեսզի իմունային բջիջները՝ B- և T-լիմֆոցիտները, ավելի ակտիվորեն հարձակվեն քաղցկեղի բջիջների վրա և բարձրացնեն քիմիաթերապիայի և իմունաթերապիայի արդյունավետությունը։
Հիմնական գաղափարը հիմնված է երրորդային լիմֆոիդ կառուցվածքների (TLS) հետ աշխատանքի վրա՝ լիմֆոցիտների կլաստերներ, որոնք ձևավորվում են քրոնիկ բորբոքման վայրերում, այդ թվում՝ հակաուռուցքային միջավայրում: Նման կառուցվածքների առկայությունը կապված է ավելի լավ արդյունքների և ավելի ուժեղ իմունային պատասխանի հետ:
Այս արդյունքին հասնելու համար գիտնականները հակադարձ ինժեներիայի միջոցով ստեղծել են TLS-հարուստ միջավայր և նույնականացրել դրանց ձևավորման համար անհրաժեշտ ազդանշանները: Այնուհետև նրանք կիրառել են երկու ակտիվատոր՝ մեկը խթանել է STING սպիտակուցը, մյուսը՝ լիմֆոտոքսին-β ընկալիչը (LTβR): Այս ուղիների համակցված ակտիվացումը առաջացրել է CD8+ T բջիջների ուժեղ արձագանք, զգալիորեն կասեցրել է ուռուցքի աճը և խթանել մասնագիտացված արյան անոթների՝ բարձր էնդոթելային վենուլների ձևավորումը, որոնց միջոցով լիմֆոցիտները թափանցել են ուռուցքների մեջ և ձևավորել TLS:
TLS-ների ներսում B-բջիջները ենթարկվում են հասունացման, վերածվում պլազմատիկ բջիջների, հակամարմիններ արտադրում և ձևավորում երկարատև իմունային հիշողություն։ Հայտնաբերվել են ուռուցքա-սպեցիֆիկ IgG-հակամարմիններ, իսկ պլազմատիկ բջիջները պահպանվել են ոսկրածուծում՝ որպես համակարգային կայուն իմունային պաշտպանության նշան։
Բուժումը նաև մեծացրել է CD4+ (օգնական) T բջիջների և «հիշողության» CD8+ T բջիջների քանակը՝ հավասարակշռելով իմունային ազդանշանները՝ ուժեղացնելով ինչպես հումորալ (հակամարմիններ), այնպես էլ բջջային պատասխանները։
Հետազոտության ղեկավար Մասանոբու Կոմացուի խոսքով՝ թերապիան ցույց է տվել, որ հնարավոր է ֆունկցիոնալ TLS-ներն ինդուկցիայի ենթարկել նախկինում «սառը» ուռուցքներում՝ ուռուցքի ներսում ստեղծելով «իմունային ենթակառուցվածք», որը թույլ է տալիս պացիենտի սեփական իմունիտետին ավելի արդյունավետ պայքարել քաղցկեղի աճի, կրկնության և մետաստազների դեմ։
Հեղինակները նշում են, որ քանի որ TLS-ի առկայությունը կապված է ուռուցքների շատ տեսակների ավելի լավ արդյունքների հետ, STING-ի և LTβR խթանիչների համակցված օգտագործումը կարող է բազմակողմանի մոտեցում լինել առկա բուժումների (օրինակ՝ ստուգիչ կետերի ինհիբիտորների, քիմիաթերապիայի) արդյունավետությունը բարձրացնելու համար։
Թիմի ապագա ծրագրերը ներառում են թերապիայի գործողության մեխանիզմների ուսումնասիրությունը և քաղցկեղով հիվանդ մեծահասակների և երեխաների վրա կլինիկական փորձարկումների նախապատրաստումը։






