Գիտնականները նոր պաթոլոգիական մեխանիզմ են հայտնաբերել, որը կարող է հուշումներ տալ դեպրեսիայի ախտորոշման և բուժման համար։
Հիմնարար գիտությունների ինստիտուտից (IBS) Ս. Ջասթին Լիի և Լի Բոյաունգի գլխավորած հետազոտական թիմը ուղեղում նոր մոլեկուլային ուղի է բացահայտել, որն ուղղակիորեն կապում է սպիտակուցների շաքարային անոմալ փոփոխությունները դեպրեսիվ վարքի հետ։ Մասնավորապես, քրոնիկական սթրեսը խաթարում է շաքարի շղթաները (O-գլիկանները), որոնք կցված են գլխուղեղի պրեֆրոնտալ կեղևի սպիտակուցներին, ինչն էլ իր հերթին դեպրեսիա է հրահրում։
Science Advances ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները նոր հնարավորություններ են բացում բուժմանը դիմացկուն դեպրեսիայի թիրախային թերապիաների համար
Դեպրեսիան առաջանում է հոգեբանական, բնապահպանական և գենետիկական գործոնների բարդ փոխազդեցության արդյունքում և բնութագրվում են նաև այլ բազմաթիվ ախտաբանական մեխանիզմներ։ Այնուամենայնիվ, կլինիկայում կիրառվող հակադեպրեսանտների մեծ մասն ուղղված է նեյրոմիջնորդների, հատկապես՝ սերոտոնինի կարգավորմանը։
Այդ դեղամիջոցները օգուտ են բերում միայն հիվանդների կեսին և հաճախ առաջացնում են կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են՝ մարսողական խնդիրները կամ տագնապայնության ուժեղացումը։ Այս սահմանափակումներն ընդգծում են ուղեղում նոր մոլեկուլային ուղիներ գտնելու անհրաժեշտությունը, որոնք դուրս են նեյրոմիջնորդների ազդանշանային համակարգի շրջանակներից։
Հետազոտողները կենտրոնացել են գլիկոզիլացման վրա՝ գործընթաց, որի ընթացքում կարճ շաքարային շղթաները կցվում են սպիտակուցներին և փոխում դրանց կառուցվածքն ու գործառույթը։ Գլիկոզիլացումը ճանաչվել է որպես կարևոր մեխանիզմ տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի, վիրուսային վարակների և նյարդադեգեներատիվ խանգարումների ժամանակ։ Դրա ձևերից O-գլիկոզիլացումը մեծ դեր է խաղում բջջային ազդանշանների փոխանցման և նյարդային շղթաներում հավասարակշռության պահպանման գործում, թեև դրա մասնակցությունը ուղեղի հիվանդություններին սկսել է ուսումնասիրվել միայն վերջերս։
Օգտագործելով բարձր արտադրողականության զանգվածային սպեկտրոմետրիա, թիմը նախ վերլուծել է O-գլիկոզիլացումը առողջ մկների ուղեղի ինը հատվածներում և պարզել, որ յուրաքանչյուր հատված ունի գլիկոզիլացման յուրահատուկ առանձնահատկություններ։ Այնուհետև նրանք այդ տվյալները համեմատել են քրոնիկական սթրեսի ենթարկված մկների ուղեղի հետ՝ բացահայտելով O-գլիկոզիլացման զգալի փոփոխություններ այնպիսի հատվածներում, ինչպիսին է պրեֆրոնտալ կեղևը։
Մասնավորապես, նկատվել է սիալացման նվազում՝ շաքարային շղթաների ծայրերին սիալաթթվի ավելացում, որը կայունացնում է սպիտակուցները և այս փոփոխության համար պատասխանատու St3gal1 ֆերմենտի արտահայտման նվազում։
Որպեսզի ստուգեն, թե արդյոք այս ֆերմենտն ուղղակիորեն կապված է դեպրեսիվ վարքի հետ, հետազոտողները մանիպուլացրել են St3gal1-ի էքսպրեսիան պրեֆրոնտալ կեղևում՝ նորմալ և սթրեսի ենթարկված մկների մոտ։ St3gal1-ի ճնշումը նորմալ մկների մոտ առաջացրել է դեպրեսիվ ախտանիշներ՝ մոտիվացիայի կորուստ, ուժեղ տագնապայնություն, նույնիսկ առանց սթրեսի ազդեցության։ Իսկ St3gal1-ի ավելացումը սթրեսային մկների մոտ թեթևացրել է նրանց դեպրեսիվ վարքը։ Այս արդյունքները ցույց են տալիս, որ St3gal1-ի նվազումը առանցքային մոլեկուլային գործոն է հանդիսանում, որն ուղղակիորեն առաջացնում և կարգավորում է դեպրեսիվ ախտանիշները։
Սպիտակուցների հետագա վերլուծությունը և էլեկտրաֆիզիոլոգիական փորձերը ցույց են տվել, որ St3gal1-ի նվազումը խաթարում է սինապտիկ մոլեկուլների շաքարային շղթաների կառուցվածքները, ներառյալ՝ նեյրեքսին 2-ը (NRXN2, սինապտիկ ադհեզիայի սպիտակուց), և վատթարացնում է արգելակող նեյրոնների աշխատանքը, որոնք սովորաբար պահպանում են հավասարակշռությունը նյարդային շղթաներում։ Այլ կերպ ասած, շաքարային շղթաների փոքր փոփոխությունները միաժամանակ խախտում են և՛ նյարդային շղթաների կապերը, և՛ կայունությունը, ինչը վերջնականապես քայքայում է ուղեղի հույզերը կարգավորող համակարգը։
«Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ուղեղում աննորմալ գլիկոզիլացումը ուղղակիորեն կապված է դեպրեսիայի զարգացման հետ», - ասել է հետազոտող Բոյունգ Լին: «Այն կարևոր մեկնարկային կետ է հանդիսանում նեյրոհաղորդիչներից այն կողմ նոր ախտորոշիչ մարկերների և թերապևտիկ թիրախների որոնման համար»:
Դեպրեսիան ծանր սոցիալական բեռ է դառնում, իսկ գոյություն ունեցող բուժման մեթոդները մնում են սահմանափակ, հավելել է տնօրեն Ս. Ջասթին Լին։ Այս ձեռքբերումը կարող է կիրառելի լինել ոչ միայն դեպրեսիայի թերապիայի, այլև հոգեկան այլ հիվանդությունների համար (ինչպիսիք են՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը և շիզոֆրենիան)՝ ճանապարհ բացելով բուժման ավելի լայն ռազմավարությունների համար։






