Մերի Բրանկովը, Ֆրեդ Ռամսդելը և բժիշկ Սայմոն Սակագուչին երկուշաբթի օրը բժշկության Նոբելյան մրցանակի են արժանացել՝ պերեյֆերիկ իմունային տոլերանտության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար, հաղորդում է Associated Press-ը։

64-ամյա Բրանկովը Սիեթլի Համակարգային կենսաբանության ինստիտուտի ծրագրի ավագ ղեկավարն է։ 64-ամյա Ռեմսդելը Սոնոմա Բիոթերապևտիքս (Sonoma Biotherapeutics) ընկերության գիտական խորհրդականն է Սան Ֆրանցիսկոյում, իսկ 74-ամյա Սակագուչին՝ Ճապոնիայի Օսակայի համալսարանի Առաջատար իմունոլոգիական հետազոտությունների կենտրոնի վաստակավոր պրոֆեսոր է։

Իմունային համակարգն ունի բազմաթիվ համընկնող մեխանիզմներ՝ բակտերիաները, վիրուսները և այլ վնասակար նյութերը հայտնաբերելու և դրանց դեմ պայքարելու համար։

Իմունիտետի առանցքային «մարտիկները», ինչպիսիք են T-բջիջները, մարզվում են, թե ինչպես ճանաչել վտանգավոր գործոնները։ Եթե որևէ բջիջ ճիշտ չի գործում և կարող է աուտոիմունային հիվանդություններ առաջացնել, ապա այն պետք է ոչնչացվի ուրցագեղձում (թիմուսում). գործընթաց, որը կոչվում է կենտրոնական տոլերանս։ Նոբելյան մրցանակի դափնեկիրները բացահայտել են լրացուցիչ եղանակ, որով օրգանիզմը վերահսկողություն է պահպանում համակարգի նկատմամբ։

Նոբելյան կոմիտեն նշել է, որ ամեն ինչ սկսվել է Սակագուչիի կողմից 1995 թվականին T բջիջների նախկինում անհայտ ենթատիպի հայտնաբերմամբ, որն այժմ հայտնի է որպես կարգավորող T բջիջներ կամ Tregs:

2001 թվականին Բրանկովը և Ռեմսդելը մուտացիա են հայտնաբերեկ Foxp3 գենում, որը նաև դերակատարում ունի մարդու հազվագյուտ աուտոիմունային հիվանդության մեջ։ Երկու տարի անց Սակագուչին կապել է այս բացահայտումները՝ ցույց տալով, որ Foxp3 գենը վերահսկում է T-reg-երի զարգացումը, որոնք էլ, իրենց հերթին, գործում են որպես «պահապան»՝ հայտնաբերելով և զսպելով T-բջիջների այլ ձևեր, որոնք հակված են չափից ավելի ռեակցիայի։

«Այս աշխատանքը նոր ուղղություն է բացել իմունոլոգիայում», - նշել է Կարոլինսկայի ինստիտուտի ռևմատոլոգիայի պրոֆեսոր Մարի Վարեն-Հերլենիուսը։ Ամբողջ աշխարհի գիտնականներն այժմ աշխատում են կարգավորող T-բջիջների օգտագործման ուղղությամբ՝ աուտոիմունային հիվանդությունների և քաղցկեղի բուժման մեթոդներ մշակելու համար։

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ մրցանակների հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան տարելիցին: Նոբելը հարուստ շվեդ արդյունաբերող և դինամիտի գյուտարար էր: Նա մահացել է 1896 թվականին:

Երեք հաղթողները կկիսեն 11 միլիոն շվեդական կրոն (մոտավորապես 1.2 միլիոն ԱՄՆ դոլար) մրցանակային ֆոնդը։