Երեխայի դաստիարակությունը ոչ միայն դպրոցն ու  ընտանքիում հաստատված կանոններն են, այլև նրա ներաշխարհի հետ նուրբ աշխատանքը: Զգացմունքները, վախերը, ուրախությունը և կասկածները՝ այդ ամենն անմիջականորեն ազդում է այն բանի վրա, թե վաղը ինչպիսի մարդ կդառնա երեխան: Հոգեբան Հենրի Գևորգյանը համոզված է, որ հոգեկան առողջությունն անբաժանելի է ընդհանուր բարեկեցությունից և դպրոցում, սոցիալական փոխազդեցություններում և առհասարակ կյանքում հաջողության գրավականն է: MedMeet 2025-ի շրջանակում ելույթ ունենալով՝ Գևորգյանը մանրամասն խոսել է բնականոն զարգացման նշանների, ծնողների ուշադրությունը գրավող նախազգուշացնող նշանների և այն մեթոդների մասին, որոնք երեխաներին օգնում են հաղթահարել դժվարությունները և հուզական կայունություն զարգացնել:

Բնականոն մտավոր զարգացման չափման առանցքային գործիքները

Ըստ Գևորգյանի՝ երեխայի հոգեկան առողջությունը չի կարող դիտարկվել նրա ֆիզիկական, սոցիալական և հուզական վիճակից անջատ: Այն անմիջականորեն ազդում է կյանքի բոլոր ասպեկտների վրա՝ բնական զարգացումից մինչև ակադեմիական նվաճումներ և ապագա տնտեսական հաջողություններ: «Երբ մենք խոսում ենք երեխայի հոգեկան առողջության մասին, նկատի ունենք համապարփակ բարեկեցությունը, որը ձևավորում է աշխարհին հարմարվելու նրա ունակությունը»,- պարզաբանում է հոգեբանը:

Հասկանալու համար՝ արդյոք երեխան ներդաշնակորե՞ն է զարգանում, թե՞ ոչ, Գևորգյանն առաջարկում է ուշադրություն դարձնել մի քանի հիմնական ցուցանիշների վրա: Առաջինը և ամենակարևորը հուզական բարեկեցությունն է: «Երեխան պետք է կարողանա իրավիճակին համապատասխան հույզեր արտահայտել. զայրանալ, երբ դա տեղին է կամ ուրախանալ հաջողություններով: Եթե ծնողներն արգելում են զայրույթը, երեխան սովորում է ճնշել զգացմունքները, ինչը մեծահասակության շրջանում հանգեցնում է խրոնիկական խնդիրների»,- նշում է հոգեբանը: Օրինակ՝ բացասական հույզերի ճնշումը հաճախ հանգեցնում է ալեքսիտիմիայի. վիճակ, որի դեպքում չափահասը չի գիտակցում և չի կարողանում արտահայտել սեփական զգացմունքները, մի բան, որն արմատավորվել է մանուկ հասակում։

Երկրորդն անվտանգ կապվածությունն է: Ջոն Բոուլբիի տեսությունը վկայակոչելով՝ Գևորգյանը պարզաբանում է, որ կապվածությունը ձևավորվում է ծննդյան պահից, հիմնականում՝ մոր նկատմամբ: Անվտանգ կապվածությունը երեխային աշխարհի նկատմամբ հիմնական վստահությունն է պարգևում. նա հեշտությամբ հանդուրժում է բաժանումները, հարմարվում նոր միջավայրին և մարդկանց (օրինակ՝ դայակին կամ տատիկին) և երկարատև զայրույթի պոռթկումներ չի ունենում: Հակառակ դեպքում զարգանում են տագնապալի կապվածության օրինաչափություններ՝ խուսափողական կամ երկբևեռ, որոնք ձևավորվում են մանկության տարիներին և դրսևորվում են պատանեկության կամ չափահասության շրջանում որպես բաժանման անհանգստություն:

Երրորդ ասպեկտը շրջապատող աշխարհն ուսումնասիրելու ունակությունն է: «Խաղի միջոցով երեխան ճանաչում է իրականությունը. մինչև երեք տարեկանը դրանք մանիպուլյատիվ գործողություններ են՝ քանդել, կոտրել, ապա կառուցողական՝ կառուցել, ստեղծել: Խաղի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը կարող է խնդիրների ազդանշան լինել, ներռայալ՝ աուտիզմի սպեկտրի խնդիրների, որտեղ երեխաները սյուժետային խաղի փոխարեն նախընտրում են կարծրատիպային գործողություններ, օրինակ, ավտոմեքենայի անվերջ պտտվող անիվները»,- նշում է Գևորգյանը։

Այլ ինդիկատորներից են հուզական ինքնակարգավորումը՝ սթրեսից հետո հանգստանալու ունակությունը, ինքնավստահությունը, սխալների նկատմամբ հանդուրժողականությունը և օգնություն ընդունելու ունակությունը։ «Երեք տարեկանի ճգնաժամի ընթացքում, երբ երեխան պնդում է. «Ես դա կարող եմ ինքս էլ անել», ծնողները չպետք է ճնշեն նախաձեռնողականությունը. դա նպաստում է առողջ «ես»-ի ձևավորմանը։ Եթե այդ նախաձեռնողականությունները ճնշվեն, դա անխուսափելիորեն կազդի կյանքի դեռահասության և նույնիսկ չափահասության շրջանի վրա»,- նշում է նա։

Տարածված խնդիրներն ու տագնապի ազդանշանները

Խոսելով այն խնդիրների մասին, որոնց համար ծնողներն ամենից հաճախ դիմում են մասնագետների օգնությանը, Գևորգյանն ընդգծում է, որ այդ ախտանիշները միշտ չէ, որ ախտորոշումներ են, սակայն ուշադրություն են պահանջում, եթե դրանք չափազանց են և խանգարում են երեխայի կյանքին։

Զարգացման դանդաղումները, մասնավորապես՝  ուշացած խոսելը կամ մուտիզմը (անհանգստության պատճառով լռությունը), հաճախ առաջին նախազգուշացնող նշաններն են։ Ագրեսիան հերթական տարածված գանգատն է. երեխան կարող է թշնամաբար վերաբերվել ընտանիքին, հասակակիցներին կամ նույնիսկ կենդանիներին, և այս վարքագիծը հաճախ փոխանցվում է դպրոց կամ նախադպրոցական հաստատություն։

Սովորելու մոտիվացիայի բացակայության հիմքում քողարկված խնդիր կա, որը դրսևորվում է դպրոցի նկատմամբ հետաքրքրության հանկարծակի անկմամբ։ «Յուրաքանչյուր վարքագիծ ունի իր պատճառը,- ընդգծում է Գևորգյանը: -Այն հենց այնպես չի հայտնվում ոչ մի տեղից»:

Հատուկ ուշադրություն է դարձվում ուշադրության պակասին և հիպերակտիվության համախտանիշին: Ոչ բոլոր ակտիվություններն են պաթոլոգիական. դրանք նորմալ են որոշակի տարիքային խմբերի համար: Սակայն, եթե հիպերակտիվությունը, իմպուլսիվությունը և ուշադրության դեֆիցիտը խանգարում են բազմաթիվ ոլորտների (տուն, դպրոց, ընկերներ), ապա անհրաժեշտ է մասնագիտական ​​​​գնահատական, ընդգծում է մասնագետը: «Հետաքրքիր է, որ տղաներն ավելի հաճախ ախտորոշվում են՝ նկատելի հիպերակտիվության պատճառով, մինչդեռ աղջիկներ դեպքում ավելի հաճախ ախտորոշվում է ուշադրության թաքնված դեֆիցիտի պատճառով»,- նշում է նա:

Գևորգյանը հայտնել է, որ ՔՈՎԻԴ-ից հետո աճել են կպչուն վարքագծերը, ֆոբիաները և հոգեսոմատիկ ախտանիշները՝ անհասկանալի ցավեր, ալերգիաներ, հաճախակի մրսածություն: Նա միաժամանակ նշում է, որ հաճախ անհասկանալի ֆիզիկական խնդիրները կարող են կապված լինել հոգեբանական խնդիրների հետ: «Օրինակ, երեխան ընտանիքում, որտեղ զգացմունքներն արգելված են, կարող է դրանք «արտահայտել» ալերգիաների միջոցով. անկողնում միզելը տարածված է խնդրահարույց ընտանիքներում, օրինակ, ընտանիքում, որտեղ ինչ-որ մեկը տառապում է ալկոհոլիզմով. այդ դեպքում անկողնում միզելն օգնության ճիչի մի տեսակ է: Այդ ախտանիշները հաճախ բժշկական բացատրություն չունեն և հոգեբանական միջամտություն են պահանջում»,- ասում է նա՝ խորհուրդ տալով խնդիրը վաղ փուլում հայտնաբերելու համար հոգեբանի մոտ տարեկան կանխարգելիչ այցելություններ կատարել:

Խաղային թերապիան իբրև բուժման գործիք

Գևորգյանը նշում է, որ խոսակցական թերապիան անարդյունավետ է երեխաների համար, ուստի խաղի վրա հիմնված մեթոդներ են կիրառվում:

Իբրև ճանաչողական վարքային թերապևտ, նա համատեղում է խաղը ABC մոդելի հետ (իրավիճակ-մտքեր-հույզեր/վարքագիծ): Ոչ ուղղորդող խաղային թերապիայի դեպքում երեխան ազատորեն արտահայտվում է՝ հենվելով ներքին ռեսուրսների վրա: Ինտեգրատիվ մոտեցման դեպքում հոգեբանը երեխային օգնում է խաղալ խնդիրը: Գևորգյանը պատմեց մի դեպք, երբ երեխան, առանց որևէ ակնհայտ պատճառի, սկսել էր խուսափել տոներից և տոնական ճաշկերույթներից: Թերապիայի ընթացքում պարզվեց, որ երեխային շարունակ քննադատել են, ամոթանք տվել անփութության և «ագահության» համար, և մասնակցությունից հրաժարվելը դարձել էր մի տեսակ պաշտպանական ռեակցիա: «Իրավիճակը խաղալիքներով մոդելավորելով՝ մենք ոչ միայն բացահայտեցինք պատճառը, այլև գտանք լուծում: Երեխան ինքը հարմարվողական լուծում գտավ»,- պարզաբանում է Գևորգյանը:

Դեպքի հայեցակարգավորումը կարևոր քայլ է՝ վերլուծելով խնդիրը, ընտանիքը, զարգացումը և տրիգերները (ուժեղ հույզեր կամ արձագանք առաջացնող իրադարձություն կամ իրավիճակ -խմբ.): Բարդ դեպքերը հոգեբույժների և այլ մասնագետների հետ բազմադիսցիպլինար ​​մոտեցում են պահանջում: Արդյունքները տպավորիչ են. խաղի միջոցով

Խորհուրդներ ծնողներին՝ կանխարգելման և աջակցության համար

Գևորգյանը ծնողներին խորհուրդ է տալիս խրախուսել հույզերի արտահայտումը և զարգացնել երեխայի հուզական ինտելեկտը: «Խաղացեք պարզ խաղեր, օրինակ,  պահմտոցի՝ նրան բաժանմանն ընտելացնելու համար: Մի՛ ճնշեք երեք տարեկանի ճգնաժամը (վաղ մանկությունից նախադպրոցական տարիքի անցման ընթացքում տեղի ունեցող տարիքային ճգնաժամ -խմբ.). դա անհատականության զարգացման ձևավորման փուլ է: Սովորեցրեք հանդուրժողականություն սխալների նկատմամբ. գովեք ջանքերը, ոչ թե միայն արդյունքները»,- խորհուրդ է տալիս մասնագետը:

Ըստ հոգեբանի՝ երեխայի մեջ տագնապալից նշաններ՝ ագրեսիա, անհանգստություն, հոգեսոմատիկ ախտանիշներ նկատելով, մասնագետին այցը չարժե հետաձգել: «Առողջ երեխան կատարյալ երեխա չէ, այլ՝ հարմարվողական»,- եզրափակում է Հենրի Գևորգյանը:

henri2.jpg (70 KB)