Մեզի մեջ ալբումին սպիտակուցի բարձր մակարդակը կապված է դեմենցիայի ավելի բարձր ռիսկի հետ։ Նման եզրակացության են հանգել Շվեդիայի և Նիդեռլանդների գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Internal Medicine (JIM) բժշկագիտական հանդեսում:
Հեղինակները վերլուծել են 133 հազար տարեց մարդկանց բժշկական տվյալները, որոնք հետազոտության սկզբում դեմենցիայի նշաններ չեն ցուցաբերել։ Նրանք պարզել են, որ նույնիսկ ալբումինի չափավոր բարձր մակարդակը 25%-ով մեծացնում է դեմենցիայի ռիսկը, իսկ ավելի բարձր մակարդակը՝ 37%-ով։
Հետազոտողները նշել են, որ երիկամներն ու ուղեղը նմանատիպ անոթային կառուցվածքներ ունեն։ Անոթային ֆիլտրացիայի խանգարումը թուլացնում է շրջանառության և նյարդային համակարգերի միջև եղած պատնեշը։ Երբ երիկամների մազանոթները կորցնում են այդ ունակությունը, նմանատիպ փոփոխություններ միաժամանակ տեղի են ունենում ուղեղի արյան անոթներում, ինչը հանգեցնում է բորբոքման, տոքսինների արտահոսքի և ուղեղում պաթոլոգիական սպիտակուցների կուտակման։
Ամենակարևոր կապը նկատվել է անոթային դեմենցիայի դեպքում, որը զարգանում է հիպերտոնիայի, շաքարախտի կամ ինսուլտի հետևանքով։
Հետազոտողները կարծում են, որ մեզի ալբումինի թեստը կարող է մատչելի և էժան եղանակ դառնալ դեմենցիայի վտանգի վաղ հայտնաբերման համար՝ դեռևս զգալի ճանաչողական խանգարման ի հայտ գալուց շատ առաջ։






