Չինաստանում վիրաբույժներն աշխարհում առաջին անգամ հիվանդին խոզի լյարդ են փոխպատվաստել, ինչը 71-ամյա տղամարդու կյանքը երկարացրել է 171 օրով։ Հետազոտությանը նվիրված հոդվածը հրապարակել է The Journal of Hepatology ամսագիրը։
Հետազոտության տվյալների համաձայն՝ վիրահատությունը բեկումնային իրադարձություն է դարձել բժշկության մեջ։ Բժիշկները հեռացրել են պացիենտի՝ ուռուցքով ախտահարված լյարդի աջ բիլթը և գենետիկորեն ձևափոխված խոզի լյարդի մի մասը փոխպատվաստել մնացած ձախ բիլթի վրա։ Փոխպատվաստման համար օգտագործվել է Դիաննան ցեղատեսակի խոզի լյարդ՝ տասը գենետիկ փոփոխություններով, որոնք ուղղված էին մարդու իմունային համակարգի կողմից օրգանի մերժման ռիսկի նվազեցմանը և արյան մակարդման բարելավմանը։
Հիվանդը տառապում էր լյարդի քաղցկեղով և հեպատիտ B-ով պայմանավորված ցիռոզով։ Չինական առողջապահության կանոնների համաձայն՝ նման դեպքերում, փրկության ցածր հնարավորությունների պատճառով, նա չէր կարող հույս դնել դոնորական լյարդի փոխպատվաստման վրա։
Վիրահատությունից հետո առաջին ամսում խոզի լյարդն աշխատել է անխափան կերպով. օրգանն արտադրել է լեղի և սինթեզել արյան մակարդման հիմնական սպիտակուցներ՝ առանց մերժման նշանների։ Սա հնարավորություն է տվել պացիենտի սեփական լյարդի մնացած հատվածին մասամբ վերականգնվել։ Սակայն 38-րդ օրը վիճակը վատթարացել է թրոմբոտիկ միկրոանգիոպաթիայի պատճառով, որը բարդություն է՝ կապված իմունային ռեակցիաների և արյունատար անոթների վնասման հետ։ Բուժումը կայունացրել է իրավիճակը, սակայն ավելի ուշ առաջացել է կրկնվող ներքին արյունահոսություն, ինչն ի վերջո՝ վիրահատությունից հինգուկես ամիս անց հանգեցրել է պացիենտի մահվանը։
Չինացի գիտնականների հայտարարությամբ՝ փորձը հաստատել է խոզի լյարդի կարողությունը՝ ժամանակավորապես կենսական կարևոր գործառույթներ ապահովել մարդու օրգանիզմում։ Հետազոտողները կարծում են, որ նման բուժման մեթոդները թույլ կտան հաղթահարել դոնորական օրգանների դեֆիցիտի գլոբալ խնդիրը և ապագայում կօգնեն հաղթահարել օրգանների պակասը և ավելի շատ կյանքեր փրկել։
Հիշեցնենք, որ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում լյարդի հետ կապված խնդիրներից։ Այդ մարդկանց կյանքերը հնարավոր կլիներ փրկել դոնորական օրգանների բավարար քանակության դեպքում, սակայն այսօր դրանք բոլորի համար չէ, որ բավարար են։ Չինաստանում տարեկան ավելի քան 300 հազար մարդ է բախվում լյարդի անբավարարության հետ, բայց նրանցից միայն քչերն են փոխպատվաստում ստանում։ Օրինակ, 2022 թվականին դոնորական օրգանները բավականացրել են միայն 6 հազար քաղաքացու։






