Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հայտնվել են հաղորդագրություններ, ըստ որոնց կորոնավիրուսի համավարակի ժամանակ Եվրոպական հանձնաժողովը, իբր, հաստատել է ԴՆԹ պատվաստանյութերի օգտագործումն առանց պատշաճ թեստավորման: Արդյո՞ք դա ճիշտ է:
Սոցիալական ցանցերը և այլ լրատվամիջոցներ մեջբերում են գերմանական Berliner Zeitung պարբերականում հրապարակված հոդվածը, որը վերնագրված է. «ԵՄ հանձնաժողովը խոստովանում է. «կորոնայի» պատվաստանյութերը թողարկվել են առանց «ամբողջական» անվտանգության տվյալների»:
Berliner Zeitung-ը մեջբերում է «Euronews»-ի հաղորդմամբ՝ ծայրահեղ աջակողմյան «Հայրենասերները հանուն Եվրոպայի» խմբի Եվրախորհրդարանի անդամ և եվրոպական պատվաստանյութերի ռազմավարության ակտիվ հակառակորդ Գերալդ Հաուզերի հարցը:
Քաղաքական գործիչը հարցնում է՝ ինչու Բրյուսելը չի տեղեկացրել քաղաքացիներին, որ ԴՆԹ պատվաստանյութերի արդյունավետությունն ու անվտանգությունը լիովին չեն թեստավորվել:
Օգոստոսին Բրյուսելը պատասխանել է. պատվաստանյութերը ստացել են «պայմանական շուկայավարման թույլտվություն», որը հեշտացնում է դեղերի հասանելիությունը «հասարակության մեջ չբավարարված բժշկական կարիքների» համատեքստում: Դա վերաբերում է արտակարգ իրավիճակներին, մասնավորապես՝ համավարակին, երբ սովորական ստուգման և գրանցման գործընթացն արագացված է:
EuroVerify ծրագրին տված հարցազրույցում Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ նման դեղամիջոցները չփորձարկված անվանելը սխալ է: Դա վերաբերում է փոխզիջումային տարբերակին, որտեղ դեղամիջոցին անհապաղ հասանելիության անհրաժեշտությունը գերազանցում է հնարավոր ռիսկերը: Այդ սխեմայի շրջանակում, օրինակ, 2019 թվականին Էբոլայի դեմ պատվաստանյութը պայմանականորեն հաստատվել է համաճարակի դեմ պայքարելու համար: Այն վերջնական հաստատում է ստացել 2021 թվականին։
Կորոնավիրուսի ԴՆԹ պատվաստանյութերն արդեն մեկնարկել էին, բայց դրանց կլինիկական փորձարկումները շարունակվում էին, որոնց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Արդյունքում դեղամիջոցները վերջնական հաստատում են ստացել առևտրայնացման նպատակով: Ընդսմին, այդ պատվաստանյութերի նկատմամբ վերահսկողությունը շարունակվում է, իսկ դա նշանակում է, որ խնդիրների առաջաման դեպքում հաստատումը կարող է չեղյալ հայտարարվել:






