Միացյալ Նահանգներում ANESTHESIOLOGY 2025 ամենամյա գիտաժողովում ներկայացված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մահացու գերդոզավորումները 65 տարեկանից բարձր մարդկանց խմբում աճում են նույնքան արագ, որքան երիտասարդների շրջանում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ֆենտանիլի համակցմանը հոգեխթանիչների հետ (օրինակ՝ կոկաին կամ մեթամֆետամին), հայտնում է Medical Xpress-ը։

Վերջին ութ տարվա ընթացքում տարեցների շրջանում ֆենտանիլի գերդոզավորման դեպքերը՝ հոգեխթանիչների հետ համակցված, ավելացել են 9000%-ով։

Տարեց մարդկանց բարձր խոցելիության պատճառներն ակնհայտ են. նրանք ավելի հաճախ են ապրում քրոնիկ հիվանդություններով, միաժամանակ բազմաթիվ դեղամիջոցներ են ընդունում և ավելի դանդաղ են նյութերը մետաբոլիզացնում։

Ընդհանուր առմամբ, օփիոիդների համաճարակը զարգացել է չորս ալիքով՝ սկսած 1990-ականների դեղատոմսով օփիոիդներից մինչև ֆենտանիլի ներկայիս ալիքը և խառը գերդոզավորումները՝ սկսած 2015 թվականից։

«Տարածված է այն թյուր կարծիքը, որ գերդոզավորումները հիմնականում վերաբերում են երիտասարդներին։ Սակայն մեր տվյալները ցույց են տալիս, որ տարեցները նույնպես լրջորեն ենթարկվում են ռիսկի», - նշել է հետազոտության գլխավոր հեղինակ Գաբ Պասիան։