Հարավկորեացի գիտնականները պարզել են, որ ճառագայթային թերապիայի ցածր դոզաները կարող են թեթևացնել ծնկան հոդերի արթրիտի ցավը՝ առանց վիրահատական միջամտության անհրաժեշտության։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Ճառագայթային ուռուցքաբանության ամերիկյան միության (ASTRO) ամենամյա կոնֆերանսում։
Հետազոտությանը մասնակցել են ծնկան օստեոարթրիտով 114 հիվանդ։ Կամավորներին բաժանել են երեք խմբի. երկուսը անցել են ճառագայթային թերապիայի կուրս տարբեր դոզաներով, իսկ երրորդը ստացել է պլացեբո։ Ճառագայթային թերապիան ուռուցքային հիվանդությունների բուժման մեթոդ է՝ իոնացնող ճառագայթման օգնությամբ։ Նման ճառագայթումն առաջանում է հատուկ սարքերի միջոցով, որոնցում օգտագործվում է ռադիոակտիվ աղբյուր։
Վեց սեանսներից հետո այն հիվանդները, որոնք ճառագայթման ավելի բարձր դոզաների են ենթարկվել, հայտնել են ցավի զգալի նվազման և ֆիզիկական վիճակի բարելավման մասին։ Ընդ որում, լուրջ կողմնակի բարդություններ չեն արձանագրվել։
Նշվում է, որ փորձի ընթացքում ճառագայթային թերապիայի ինտենսիվությունը տասնյակ անգամ ավելի ցածր է եղել, քան քաղցկեղի բուժման համար անհրաժեշտը։ Գիտնականները նշում են, որ ճառագայթման նման մակարդակն օրգանիզմի համար անվտանգ է համարվում։






