ԱՄՆ Վեյլ Քորնելի բժշկական քոլեջի գիտնականները հայտնաբերել են մարդու էնդոթելային բջիջների ակտիվ բազմացման խթանման միջոց, որը հիմք է ծառայում փոխպատվաստման և սրտանոթային հիվանդությունների բուժման համար արյան անոթների մշակման համար: Արդյունքները հրապարակվել են Nature Cardiovascular Research բժշկագիտական հանդեսում:
Էնդոթելային բջիջները պատում են արյան անոթների ներքին մակերեսը և կարգավորում արյան հոսքը, բորբոքումը և ապաքինման գործընթացները: Սակայն առ այսօր դրանք չափազանց դժվար է եղել աճեցնել լաբորատորիայում. մի քանի մասնատումից հետո բջիջները կորցնում են ակտիվությունը և դադարում են գործել:
Դոկտոր Շահին Ռաֆիի գլխավորած գինականների թիմը մշակել է քնած չափահաս էնդոթելային բջիջներն «արթնացնելու» եղանակ՝ օգտագործելով փոքր մոլեկուլային ինհիբիտոր: Այդ միացությունը ժամանակավորապես արգելափակում է արոմատիկ ածխաջրածնային ընկալիչին (AH ընկալիչ) առնչվող ուղին՝ ստիպելով բջիջներին կրկին ակտիվորեն մասնատվել:
Այդ մոտեցումը կիրառելով՝ հետազոտողները կարողացել են փոքր կենսազննման (բիոպսիայի) նմուշից աճեցնել մինչև երկու տրիլիոն էնդոթելային բջիջ՝ հարյուր անգամ ավելի, քան ստանդարտ եղանակներով: Ընդ որում, բջիջները չեն ցուցաբերել ծերացման, մուտացիաների կամ գործառույթների կորստի նշաններ և պահպանել են լիովին ֆունկցիոնալ անոթներ ձևավորելու ունակությունը։
Հետագա փորձարկումները ցույց են տվել, որ AH ընկալիչի արգելակիչը ոչ միայն չի արգելափակել հայտնի ուղին, այլև այլընտրանքային մեխանիզմ է ակտիվացրել, որը նվազեցրել է օքսիդատիվ սթրեսը և մեծացրել գենոմային կայունությունը։ Գիտնականները միաժամանակ պոլիամինների՝ բջիջների աճի և գոյատևման համար անհրաժեշտ մոլեկուլների սինթեզի աճ են հայտնաբերել։
Այդ տեխնոլոգիան, ըստ դոկտոր Ռաֆիի, կարող է դառնալ «ամբողջական օրգանների ինժեներիայի համար բավարար անոթային ցանց ստեղծելու հիմքը»։ Թիմի հաջորդ քայլը մոլեկուլային մեխանիզմների հետազոտությունն ու փոխպատվաստման համար հարմար աճող անոթների վրա արգելակիչի մեթոդի կիրառումն է։






