Բուժեղբայր Ռոդ Սալասայը աշխատում է տարբեր գործիքներով՝ ջերմաչափով, ստետոսկոպով և... կիթառով կամ ուկուլելեով։ UC San Diego Health բժշկական կենտրոնի վերականգնողական բաժանմունքում նա օգնում է հիվանդներին հաղթահարել հետվիրահատական ցավը։
Դեղորայքի հետ մեկտեղ Ռոդն առաջարկում է մեղեդիներ՝ հիվանդների խնդրանքով, և երբեմն ինքն է երգում։ Նրա երգացանկում կան ժողովրդական երգեր անգլերեն և իսպաներեն, դասական ստեղծագործություններ, ինչպիսիք են «Մենուետ սոլ մաժորը», և մեղեդիներ ֆիլմերից, ներառյալ «Somewhere Over the Rainbow»-ը։ Հիվանդները հաճախ ժպտում են, երգում կամ գլխով անում ռիթմին համապատասխան։ Սալասայը նկատում է նույնիսկ փոփոխություններ նրանց ցուցանիշներում՝ իջնում են զարկերակի հաճախությունը և արյան ճնշումը, իսկ ոմանք ավելի քիչ ցավազրկող են խնդրում։ «Հիվանդանոցում հաճախ առաջանում է ցավի, տագնապի և մտահոգության փակ շրջան,- ասում է նա,- բայց երաժշտությունը կարելի է օգտագործել այն ճեղքելու համար»։
Ինչպես նշում է Medical Xpress-ը, Սալասայը երաժշտական թերապիայի միակ էնտուզիաստը չէ։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում կենդանի կատարումներն ու ձայնագրություններն ավելի ու ավելի հաճախ են հնչում հիվանդանոցներում և կլինիկաներում, քանի որ գիտական ուսումնասիրությունները հաստատում են. երաժշտությունն իսկապես օգնում է թեթևացնել ցավը։
Գիտնականները դա անվանում են «երաժշտության միջոցով ցավազրկում»։ Այն չի կարող ամբողջությամբ փոխարինել դեղորայքը, բայց Pain և Scientific Reports ամսագրերում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սիրելի մեղեդիներ լսելը նվազեցնում է ցավի ընկալումը և բարձրացնում դրան հանդուրժողականությունը։ Կարևոր դեր է խաղում երաժշտության անձնական ընտրությունը. երբ մարդն ինքն է որոշում, թե ինչ լսի, և դա անում է գիտակցաբար։
Երաժշտությունը շեղում է ուշադրությունը ցավից, ակտիվացնում է ուղեղի բազմաթիվ բաժիններ և դրական հույզեր առաջացնում։ Մասնագետների կարծիքով, սա պարզապես շեղում չէ. սա ցավի ընկալումը փոխելու, տագնապն ու մեկուսացվածության զգացումը նվազեցնելու միջոց է։
Որոշ բժիշկներ արդեն երաժշտությունն անվանում են «պարզ բաղադրատոմս՝ առանց կողմնակի ազդեցությունների»։
Ինչպես ասում է երգչուհի Սեսիլի Գարդները, որը ծանր հիվանդություն է տարել. «Երաժշտությունը նվազեցնում է սթրեսը, միավորում է մարդկանց և տեղափոխում այնտեղ, որտեղ ցավն այլևս այդքան ուժեղ չէ»։