Միկրոպլաստիկը կարող է մեծ դեր խաղալ անոթային դեմենցիայի զարգացման գործում, որը ծերունական թուլամտության ամենատարածված, բայց քիչ ուսումնասիրված ձևերից է։ Այս եզրակացությանն է եկել Նյու Մեքսիկոյի համալսարանի Առողջապահության և գիտության կենտրոնը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Pathology (AJP) ամսագրում։
Ընդլայնված միկրոսկոպիայի միջոցով հետազոտող Էլեյն Բիերերը դեմենցիա ունեցող մարդկանց ուղեղի անոթներում և հյուսվածքներում հայտնաբերել է մանրագույն պլաստիկի մասնիկներ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ նման աղտոտիչները կարող են առաջացնել կամ սրել անոթների վնասումը։ Դրանց ամբողջականության խախտումը ուղղակիորեն կապված է միկրոինսուլտների, արյունազեղումների և զարկերակների հաստացման հետ։
Բիերերը անոթային դեմենցիայի նոր դասակարգում է առաջարկել՝ առանձնացնելով անոթային վնասվածքների մի քանի տեսակներ՝ սկսած զարկերակների հաստացումից մինչև միկրոարյունազեղումներ և բետա-ամիլոիդի կուտակումներ։ Բետա-ամիլոիդը սպիտակուցի մի հատված է, որը Ալցհայմերի հիվանդությամբ տառապող մարդու ուղեղում ձևավորում է հատուկ «թիթեղիկներ»։
Հյուսվածքների վերլուծությունը ցույց է տվել, որ շատ դեպքերում այս ախտաբանական փոփոխությունները ուղեկցվել են անոթների պատերում միկրոպլաստիկի առկայությամբ և ուղեղի սպիտակ նյութում։ Սպիտակ նյութի հիմնական գործառույթը կենտրոնական նյարդային համակարգում տեղեկատվության համակարգումն է։ Սպիտակ նյութի շնորհիվ ուղեղը կարողանում է «հաղորդակցվել» իր տարբեր հատվածների միջև։
Գիտնականների կարծիքով՝ հենց պլաստիկի միկրոմասնիկները կարող են բորբոքում առաջացնել, խախտել անոթների առաձգականությունը և սրել նեյրոդեգեներացիայի հանգեցնող գործընթացները։ Հետազոտողներն ընդգծում են, որ եթե այս կապը հաստատվի, դա ևս մեկ ապացույց կլինի, որ շրջակա միջավայրի աղտոտումը ուղղակիորեն ազդում է մարդու առողջության վրա, ընդհուպ մինչև ուղեղի կառուցվածքն ու գործառույթները։






