Մելանին գունանյութ արտադրող բջիջները կարող են տարբեր կերպ վարվել, երբ ԴՆԹ-ն վնասվում է. մի մասն անհետանում է՝ ճերմակացնելով մազերը, մյուսները մնում են, բայց դա մեծացնում է մելանոմայի (մաշկի քաղցկեղ) առաջացման ռիսկը: Նման եզրակացության են հանգել Տոկիոյի համալսարանի հետազոտողները: Արդյունքները հրապարակվել են Nature Cell Biology բժշկագիտական հանդեսում:
Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են մելանոցիտային ցողունային բջիջները՝ գունանյութային բջիջների նախորդները, արձագանքում ԴՆԹ-ի վնասմանը և ինչպես է այս արձագանքըն ազդում մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա: Նախկինում արդեն ապացուցվել է, որ սթրեսը և տարիքը նպաստում են մազերի ճերմակմանը ու նաև մեծացնում քաղցկեղի առաջացման ռիսկը: Հետևաբար, հետազոտողները ենթադրել են, որ այս գործընթացների միջև հնարավոր կենսաբանական կապ կա:
Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ երբ տեղի են ունենում ԴՆԹ-ի կրկնաշղթա խզումներ, մելանոցիտային ցողունային բջիջները սկսում են մի գործընթաց, որը կոչվում է ծերացման հետ կապված դիֆերենցիացիա: Սա հանգեցնում է դրանց սպառման և, հետևաբար, գունանյութի կորստի՝ մազերի ճերմակացման: Այնուամենայնիվ, մարմինը նաև պաշտպանություն է ստանում մելանոմայի դեմ, քանի որ վնասված բջիջներն այլևս չեն բաժանվում:
Սակայն, եթե տեղի է ունենում քաղցկեղածին նյութերի ազդեցություն, այս պաշտպանական մեխանիզմը խաթարվում է. դիֆերենցիացիան արգելափակվում է, և ցողունային բջիջները շարունակում են ինքնանորանալ նույնիսկ վնասված ԴՆԹ-ով։ Արդյունքում, դրանք կարող են կուտակել մուտացիաներ և առաջացնել ուռուցքներ։
«Ցողունային բջիջների նույն պոպուլյացիան կարող է ենթարկվել հակառակ փոփոխությունների՝ կա՛մ անհետանալ, կա՛մ ընդլայնվել՝ կախված սթրեսի տեսակից և շրջակա միջավայրի ազդանշաններից»,- բացատրում է ուսումնասիրության գլխավոր հեղինակ պրոֆեսոր Նիշիմուրան։
Հետազոտողներն ընդգծում են, որ մազերի ճերմակումն ուղղակիորեն չի պաշտպանում քաղցկեղից, այլ արտացոլում է բջջային մեխանիզմների աշխատանքը, որոնք հավասարակշռում են ծերացումը և չարորակ վերափոխման ռիսկը։






