Բրիտանացի գիտնականները պահանջել են, որ բեկոնի և խոզապուխտի փաթեթավորումների վրա հայտնվեն աղիքի քաղցկեղի հետ հնարավոր կապի մասին նախազգուշացումներ՝ նման սիգարետի տուփերի վրա առկաներին, հայտնում է The Guardian-ը։

Նրանք պնդում են, որ սպառողները իրավունք ունեն իմանալու վերամշակված մսի օգտագործման հետ կապված ռիսկերի մասին, որոնք պարունակում են նիտրիտներ՝ կոնսերվանտներ, որոնք արտադրանքին վարդագույն երանգ են տալիս և պաշտպանում բակտերիաներից, սակայն կարող են օրգանիզմում քաղցկեղածին միացություններ առաջացնել։

Խնդրի մասին հիշեցումը հնչեց այն բանից տասը տարի անց, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը (IARC) պաշտոնապես վերամշակված միսը ճանաչեց որպես մարդու համար քաղցկեղածին՝ ծխախոտի և ասբեստի հետ նույն կատեգորիայում։ Այդ ժամանակից ի վեր, դիմումի հեղինակների հաշվարկներով, բրիտանական կառավարությունը գրեթե ոչինչ չի արել բնակչության համար ռիսկը նվազեցնելու համար։ Այդ ընթացքում երկրում, ըստ վիճակագրության, մոտ 54 000 մարդ հիվանդացել է աղիքի քաղցկեղով, իսկ Ազգային առողջապահական ծառայության ծախսերը գերազանցել են 3 միլիարդ ֆունտ ստերլինգը։

Գիտնականները նամակ են հղել առողջապահության նախարարին՝ պահանջելով պարտավորեցնել արտադրողներին փաթեթավորման վրա նշել, որ նմանատիպ մթերքների կանոնավոր օգտագործումը կարող է մեծացնել ուռուցքաբանական հիվանդությունների ռիսկը։ Նրանք նաև պնդում են, որ աստիճանաբար հրաժարվեն նիտրիտների օգտագործումից սննդի արդյունաբերության մեջ և անցկացվեն լայնածավալ տեղեկատվական արշավներ։

Food Standards Agency-ի (Սննդի ստանդարտների գործակալություն) ներկայացուցիչները հայտարարել են, որ «նիտրատների և նիտրիտների ու քաղցկեղի առաջացման միջև կապը դեռևս վերջնականապես ապացուցված չէ», սակայն անկախ հետազոտողները հիշեցնում են՝ նույնիսկ չափավոր միջոցները, ինչպիսիք են սիգարետի տուփերի վրա նախազգուշացումները, կարող են զգալիորեն բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը և նվազեցնել վտանգավոր մթերքների սպառումը։