25-ամյա Կամերոն Ռոբինետը երազում էր հայր դառնալ: Նա իր 22-ամյա կնոջ՝ Ստեֆանի Լուկասի հետ միասին պլաններ էր մշակում՝ առաջնեկի ծննդյան վերաբերյալ եւ տեսակ-տեսակ խաղալիքներ գնում նրա համար: Հետո էլ սկսել էր նոր տուն փնտրել՝ ընտանիքի համար, եւ հենց այդ որոնումների ընթացքում էլ՝ նախընթաց ուրբաթ օրը, վրաերթի էր ենթարկվել, հաղորդում է FoxNews-ը:

Վթարից երեք օր անց ստացված վնասվածքների արդյունքում Կամերոնի ողբերգական մահն էր վրա հասել՝ զույգի՝ լիարժեք ընտանիք կազմելու պլաններն անկատար թողնելով: Բայց Ստեֆանին պատրաստ չէր հանձնվելու եւ որոշել էր ցանկացած քայլի գնալ՝ կոմայի վիճակում ուղեղի մահ տարած ամուսնու սերմնահեղուկը ստանալու համար:

«Երբ իմացա, որ Կամերոնը մահացել է, սիրտս միանգամից կոտրվեց: Բայց անմիջապես էլ հասկացա, որ ցանկանում եմ երեխա ունենալ նրանից, եւ որ քիչ ժամանակ ունեմ՝ մտադրությունս իրականություն դարձնելու համար», - նշել է կինը՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում: Դժբախտաբար, սերմնահեղուկի կորզման պրոցեդուրան տասնյակ հազարավոր դոլարներ էր պահանջում, գումար, որ դեռ ճարել էր պետք:

Ստեֆանին անմիջապես էջ էր բացել՝ GoFundMe կայքում՝ հույսով, որ այդ կերպ կարող է պահանջվող գումարի գոնե մի մասը ձեռք բերել, եւ պատկերացրեք՝ որքան մեծ էր զարմանքը, երբ հաջորդ օրը պարզվել էր, որ բոլովին օտար մարդիկ արդեն 11 հազար ԱՄՆ դոլար են նվիրաբերել (այսօրվա դրությամբ՝ գրեթե 15,600):

Մնում էր մի հարց՝ ինչպես են իր եւ ամուսնու ծնողները որոշմանը վերաբերելու, սակայն քիչ անց պարզվել էր, որ նրանք էլ պատրաստ էլ ամեն հարցում իրենց աջակցությունը ցուցաբերել:

Կամերոնի օրգանիզմից կորզված սերմնահեղուկը դեռեւս մեկ տարի սառեցված վիճակում կմնա: «Վիշտս այնքան մեծ է հիմա, որ չգիտեմ՝ երբ կարող եմ ներպատվաստումն իրականացնել: Բայց ես շատ եմ ցանկանում իր, մեր փոքրիկին լույս աշխարհ բերել», - նշել է այրին՝ տեղեկացնելով, որ ամուսնու օրգանները 7 մարդու կյանք են փրկել: