Կանադան կարող է զրկվել կարմրուկից ազատ երկրի կարգավիճակից՝ ավելի քան երկու տասնամյակում առաջին անգամ, գրել է NBC News-ը։
Վերջին մեկ տարում գրանցվել է հիվանդության ավելի քան հինգ հազար դեպք, ներառյալ նորածինների մահվան երկու դեպքը, ինչը լուրջ տագնապ է առաջացնում հանրային առողջապահության մասնագետների շրջանում։ Բռնկումն սկսվել է 2024թ․ աշնանը Նյու Բրանսուիք նահանգում և մեկ տարում տարածվել ինը նահանգներում և մեկ տարածքում, ինչը վկայում է վիրուսի շարունակվող փոխանցման մասին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներով՝ երկիրը համարվում է կարմրուկից ազատ, եթե առնվազն 12 ամսվա ընթացքում նրա տարածքում տեղի չի ունենում նույն գենոտիպի վիրուսի շարունակական փոխանցում։ Իսկ եթե փոխանցումը պահպանվում է ավելի երկար, «կարմրուկի վերացման» կարգավիճակը զրոյացվում է։ Այժմ Կանադան գտնվում է այդ շեմի եզրին։
Փորձագետները նշել են, որ բռնկումը դարձել է պատվաստման մակարդակի անկման հետեւանք, ինչը նկատվում է COVID-19 համավարակից հետո։ Շատ ծնողներ սկսել են հետաձգել պատվաստումները, իսկ որոշ հանրույթներում ուժեղացել է անվստահությունը պատվաստման նկատմամբ։ Դա հատկապես վտանգավոր է, քանի որ կարմրուկը ամենավարակիչ վիրուսային հիվանդություններից է․ կարճ շփումը բավական է, որպեսզի չպատվաստված մարդը վարակվի։
Խնդիրը խորացնում են նաեւ միջազգային գործոնները․ վիրուսը բերում են ճանապարհորդները, որոնք վերադառնում են իմունացման ցածր մակարդակ ունեցող տարածաշրջաններից։ Կանադացի համաճարակաբանները տեղեկացրել են, որ վիրուսի գենոտիպը, որն այժմ շրջանառում է երկրում, համընկնում է վերջերս Եվրոպայում եւ Հարավային Ասիայում հայտնված վիրուսին։
Եթե Կանադան իսկապես կորցնի կարմրուկից ազատ երկրի կարգավիճակը, դաշնային եւ նահանգային իշխանությունները պետք է մշակեն գործողությունների պլան՝ պատվաստման մակարդակի արտակարգ բարձրացման եւ հիվանդության դեպքերի ակտիվ մոնիթորինգի ծրագիր։
Բժիշկներն ընդգծել են․ կարմրուկի վերադարձը տագնապի ազդանշան է բոլոր զարգացած երկրների համար, որտեղ բնակչությունը վարժվել է նման հիվանդությունները համարել հաղթահարված։ Կարմրուկը վտանգավոր վարակ է, հատկապես փոքրիկների եւ թույլ իմունիտետ ունեցող մարդկանց համար։






