Տորոնտոյի համալսարանականները պարզել են, որ Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ առավել ագրեսիվ միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես՝ առավել մեծ ծավալով հեղուկների ներերակային ներարկումը եւ էլեկտրոլիտների մակարդակի նկատմամբ առավել խիստ վերահսկողությունը կարող է տենդից մահացության ռիսկի նշանակալի նվազեցման հենգեցնել: Սակայն վերը բնութագրված ինտենսիվությամբ խնամքը յուրաքանչյուր հիվանդի վրա ծախսվող ժամանակի կտրուկ աճ է ենթադրում: Խնդիրն այն է, որ ներկայումս Արեւմտյան Աֆրիկայի՝ Էբոլա հեմոռագիկ տենդից առավել տուժած երկրներում իրենց մասնագիտական պարտքը կատարող բժիշկներն առանց այդ էլ լարված պայքար են մղում՝ համաճարակի դեմն առնելու համար, եւ տրամադրվող խնամքի ինտենսիվության այդչափ ավելացումը չափազանց դժվար, եթե ոչ՝ անհնարին կարող է լինել նրանց համար, մեկնաբանել է կրթօջախի ճգնաժամային բուժօգնության ամբիոնի դոցենտ դոկտոր Ռոբերտ Ֆաուլերը:
Նրա գլխավորությամբ գործող գիտնականները Գվինեայի Կոնակրի քաղաքում տենդից վարակվածների նկատմամբ՝ խնդրո առարկա հետազոտության շրջանակում ձեռնարկված «փորձարարական բուժման» արդյունքներն են մատնանշել, որտեղ մահվան ելքով դեպքերի բաժինը համեմաբար ցածր՝ 43 տոկոս է կազմել, հաղորդում է FoxNews-ը:
«Այլ կերպ ասած, Էբոլայի համաճարակը դադարեցնելու համար նախ եւ առաջ հարկավոր է առավեծ մեծ թվով բուժաշխատողներ ունենալ Արեւմտյան Աֆրիկայի երկրներում՝ հիվանդների համարժեք խնամքը ձեռնարկելու համար:
New England Journal of Medicine ամսագրում հրապարակված զեկույցի շրջանակում դոկտոր Ֆաուլին, մասնավորապես, ընթացիկ տարվա մարտ եւ ապրիլ ամիսներին Կոնակրիում 37 հիվանդների նկատմամբ ձեռնարկված՝ մեկ ամիս տեւողությամբ բուժման մանրամասներն է հաղորդել, համաձայն որի հիվանդությանն առնչվող ամենալուրջ խնդիրը ջրազրկումն է հանդիսանում, ինչը գլխավորապես փսխումի եւ սուր փորլուծության հետեւանքով է ի հայտ գալիս:
Այդուհանդերձ, մասնագետի հավաստիացմամբ, խնամքի ինտենսիվությունը միակ գործոնը չէ, որի ազդեցությամբ մահացության ռիսկի փոփոխություն կարող է գրանցվել: Պարզվում է՝ այդ տեսանկյունից հիվանդության՝ առանց խնամքի զարգացման տեւողությունը եւս կարեւոր նշանակություն ունի:
Այդուհանդերձ, հենց ջրազրկումն է տենդով վարակված մարդուն ի վերջո գերեզման հասցնում: Արյան զտման եւ էլեկտրոլիտների, մասնավորապես կալցիումի եւ կալիումի անհրաժեշտ մակարդակի ապահովման գործառույթ իրականացնող երիկամներն աստիճանաբար կորցնում են իրենց գործառնականությունն ու դադարում աշխատել: Այդ պարագայում միայն էլեկտրոլիտների մակարդակի հետ կապված խնդիրն ինքնին կարող է մահացու դառնալ:
«Ընդ որում, գիտնականները վստահ են, որ վերը հիշատակված դեպքում գրանցված ցուցանիշը՝ 43 տոկոսի չափով, նվազագույն շեմը չէ եւ կարող է էլ ավելի կրճատվել:
Էբոլայով վարակված հիվանդն օրական 5-10 լիտր հեղուկ կարող է կորցնել: «Դա հսկայական ցուցանիշ է, եւ հենց դրա դեմ է, որ կատաղի պայքար պետք է մղվի», նշել է դոկտոր Ֆաուլերը, ով բոլորովին վերջերս է համաճարակի մեկնարկից ի վեր չորորդ աֆրիկյան ուղեւորությունից վերադարձել:
Ներկայումս, սակայն, 5-6 անդամներից բաղկացած բժշկական խումբը յուրաքանչյուր՝ 50 հիվանդ տեղավորող պալատ օրական 3-4 անգամ կարող է մտնել: Շրջայցի շրջանակում նրանք, պաշտպանիչ համազգեստն ուշադրությամբ հագնելուց հետո, առավելագույնը 45 րոպե կարող են հատկացնել՝ բոլոր հիվանդներին զննելու համար: Յուրաքանչյուր հիվանդ այդ ընթացքում ընդամենը 1 լիտր հեղուկ կարող է ստանալ, որից հետո մասնագետները ստիպված են կրկին հանել համազգեստը եւ այլ պարտականությունների անցնել:
«Այս ռեժիմով աշխատանքի պարագայում ոչ մի հիվանդ չի կարող անհրաժեշտ ծավալով հեղուկ ստանալ», - մեկնաբանել է դոկտոր Ֆաուլերը՝ հիշեցնելով, որ թեեւ տենդից տուժած երկրների որոշ շրջաններում բժշկական սարքավորումներով, մասնավորապես՝ դիալիզի սարքերով հագեցվածության պատշաճ մակարդակ է նկատվում, խնդիրը միայն մասնագետների քանակի ապահովմամբ կարելի է լուծել: «Սարքավորումներ ունենք, բայց ժամանակ չկա՝ դրանք գործի դնելու համար», - նշել է նա:
Զեկույցում նաեւ նշվում է, որ 40-ից բարձր տարիքի հիվանդների շրջանում մահացության 3,5 անգամ բարձր ռիսկ է նկատվում: Երեւույթի պատճառը թերեւս այն է, որ այդ հիվանդների մոտ, ի տարբերություն առավել երիտասարդների, այլ բնույթի առողջական խնդիրների առկայության նշանակալիորեն բարձր հավանականություն է գործում:
Համաձայն փաստաթղթի, տենդի ընթացիկ համաճարակի զոհերի թիվն առնվազն 4950 է կազմում, վարակվածներինը՝ ավելի քան 13500:
«Որքան մեծ լինի հիվանդության դեմ պայքարող մասնագետների թիվը, այնքան մահացության ցածր ցուցանիշ կապահովենք, ինչը նախն եւ առաջ Էբոլայի նկատմամբ վերաբերմունքի ողջ պարադիգմը կարող է փոխել: Իսկ եթե շարունակենք ամրոցներ կառուցել՝ վարակվածներին մեզանից հեռու պահելու համար, կարող ենք հուր-հավիտյան պայքար մղել՝ հիվանդության դեմ», - ամփոփել է դոկտոր Ֆաուլին՝ նշելով, որ մտադիր է դեկտեմբեր ամսին Արեւմտյան Աֆրիկա վերադառնալ՝ հիվանդների բուժումը շարունակելու նպատակով:






