Քեմբրիջի համալսարանականների եւ Բժշկական հետազոտությունների բրիտանական խորհուրդը ներկայացնող գիտնականների համատեղ՝ Nature ամսագրում նկարագրություն գտած հետազոտությամբ վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ խնձորի եւ այլ՝ առավել լայն տարածում գտած մրգերի մի շարք բաղադրիչ միացություններից ստացված ներարկելի դեղամիջոցների շնորհիվ հնարավոր է սրտանոթային հիվանդությունների, մասնավորապես՝ սրտի կաթվածի եւ ինսուլտի հետեւանքով կենսական կարեւորություն ունեցող օրգանների երկարաժամկետ վնասումը կանխարգելել, հաղորդում է NewsMax Health-ը:

Սրտի կաթվածի կամ ինսուլտի ժամանակ արյան մակարդուկը կարող է սրտի կամ ուղեղի թթվածնային քաղցի առաջացման եւ դրանց անդառնալի վնասի պատճառման հանգեցնել: Սակայն այնուհետեւ, երբ մակարդուկի տեղաշարժի արդյունքում օրգանի ուղղությամբ արյան հոսքը վերականգնվում է, պատճառված վնասն ավելի մեծ լրջություն կարող է ձեռք բերել:

Խնդրո առարկա հետազոտության հեղինակները պարզել են, որ արյան հոսքի վերականգնման դեպքում պատճառվող վնասի մեղավորը շաքարի եւ ճարպերի՝ էներգիայի արտազատման նպատակով քայքայման ընթացքում օրգանիզմում բնական ճանապարհով առաջացող՝ սուկցինատ անվամբ հայտնի քիմիական միացության կուտակումներն են: Սակայն միեւնույն ժամանակ՝ լաբորատոր մկների նկատմամբ իրականացված փորձարկումների արդյունքում վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ խնձորի, ելակի եւ խաղողի բաղադրության մեջ առկա մալոնատային եթերի օգնությամբ կարելի է, սրտի կաթվածից կամ ինսուլտից հետո արյան հոսքի վերականգնմամբ պատճառման ենթակա վնասի նշանակալի չեզոքացման հասնել:

Բացահայտումը նաեւ երիկամի, լյարդի եւ սրտի տրանսպլանտացիոն վիրահատությունների համար մեծ արժեք կարող է ներկայացնել, քանի որ հիշյալ դեպքերում եւս ներպատվաստված օրգանի ուղղությամբ արյան հոսքի վերականգնումը կարող է շոշափելի վնասի պատճառել:

«Հետազոտության արդյունքում բացատրություններ են ձեռք բերվել առ այն, թե ինչպես է սրտի կաթվածից եւ ինսուլտից հետո արյան հոսքի վերականգնման հետեւանքով տվյալ օրգանի վնասումը տեղի ունենում, եւ թե ինչպես կարելի է դրա դեմն առնել», - մեկնաբանել է գիտահետազոտական խմբի անդամ դոկտոր Մաքլ Մերֆին: 

«Խոսքը միանգամայն պարզ ու հասարակ միացությունների մասին է, որոնք մի շարք մրգերի՝ մասնավորապես խնձորի եւ խաղողի մեջ են առկա: Զարմանալին այն է, որ դրանց թերապեւտիկ նշանակության մասին մինչ այժմ նվազագույն պատկերացում անգամ չենք ունեցել», - նշել է նա: