Հետազոտողներին հաջողվել է մարդու ստամոքսի բջիջները փոխակերպել ինսուլին արտադրող β-բջիջների, ինչը առաջին տիպի շաքարախտի բուժման պոտենցիալ նոր ուղի է բացում։

Հայտնագործության մասին հոդվածը հրապարակվել է Cell ամսագրում։

Առաջին տիպի շաքարախտը զարգանում է ենթաստամոքսային գեղձի բջիջների (β-բջիջների) կողմից՝ ինսուլին հորմոնի անբավարար արտադրության պատճառով։

Սյաոֆեն Հուանգի (ԱՄՆ, Weill Cornell Medicine) և Ցին Սյայի (Չինաստան, Պեկինի համալսարան) ղեկավարած խումբը նախկինում ցույց էր տվել, որ մկների մոտ ստամոքսի բջիջները հնարավոր է գենետիկորեն վերածրագրավորել β-բջիջների։

Նոր հետազոտության մեջ գիտնականները ստեղծել են մարդու ստամոքսի օրգանոիդներ (միկրոկառուցվածքներ, որոնք մոդելավորում են ստամոքսի աշխատանքը), այնուհետև դրանք գենետիկորեն ձևափոխել են՝ ներառելով «գենետիկ անջատիչ», որը բջիջներին հնարավորություն է տալիս ձեռք բերել β-բջիջների հատկություններ։

Օրգանոիդները մկների որովայնի խոռոչում փոխպատվաստելուց հետո դրանք գոյատևել են, կապ ստեղծել արյունատար համակարգի հետ և անջատիչն ակտիվացնելու դեպքում, սկսել են ինսուլին արտադրել, ինչպես նաև արտահայտել β-բջիջներին բնորոշ գեներ և սպիտակուցներ։

Երբ նման համակարգը կիրառվել է շաքարախտով մկների վրա, ձևափոխված բջիջների կողմից արտազատվող ինսուլինը օգնել է վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և մեղմել շաքարախտի նշանները։

Հետազոտողներն ընդգծում են, որ թեև արդյունքները շատ հուսադրող են, դեռևս անհրաժեշտ են բազմաթիվ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել՝ այս մոտեցման անվտանգությունն ու պացիենտների համար արդյունավետությունը հաստատելու համար։