Մի խումբ գիտնականներ, որոնց թվում բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի երեք դափնեկիրներ կան, առաջարկում են Էբոլա տենդի դեմ պայքարի շրջանակում հիվանդությամբ վարակումից ապաքինված մարդկանց արյան շիճուկն օգտագործել:

Առաջարկվող պրակտիկան փորձարկվել է վիրուսով վարակված չորս ամերիկացիների նկատմամբ, որոնք մեթոդի կիրառումից հետո ապաքինման նշաններ են ցույց տվել: Գիտնականներն իրենց առաջարկը ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությանը, մի շարք խորհրդարանականների եւ դեղագործական ընկերությունների են հղել, սակայն, Reuters գործակալության հաղորդմամբ, որեւէ պատասխան մինչ այժմ չեն ստացվել:

Առաջարկվող մեթոդն այնպես կոչված «պասիվ իմունիզացիայի» օրինակ է հանդիսանում: Վերջինս դեռեւս 19-րդ դարում է կիրառվել՝ մի շարք հիվանդությունների, մասնավորապես՝ դիֆտերիայի դեմ պայքարի համար եւ ավելի ուշ վակցիանացիայով փոխարինվել: Ներկայումս աշխարհում Էբոլա տենդի դեմ արտոնավորում անցած պատվաստանյութ գոյություն չունի, թեեւ մի շարք երկրներում մշակման աշխատանքներ են ընթանում: 

Էբոլա վիրուսից մահացածների ընդհանուր թիվը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տարածված տվյալների, 4 960 է կազմում, մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակվածներինը՝ 13 268: