Ուժային մարզումները կարող են ավելի օգտակար լինել ոչ միայն մկանների զարգացման տեսանկյունից: Դրանք կարող են էլ ավելի արդյունավետ լինել, քան վազքը՝ շաքարախտի և ավելորդ քաշի կանխարգելման համար:
Վերջերս հրապարակված հետազոտության մեջ Վիրջինիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները փորձարկումներ են արել մկների վրա, որոնց յուղալի սնունդ են տվել: Նրանք պարզել են, որ և՛ վազքը, և՛ ուժային մարզումները բարելավում են արյան մեջ շաքարի վերահսկողությունը, սակայն ուժային մարզումներն ավելի արդյունավետ են մարմնի ճարպային կուտակումները նվազեցնելու, գլյուկոզի նկատմամբ հանդուրժողականությունը բարելավելու և ինսուլինային դիմադրությունը նվազեցնելու համար:
Այս բոլոր գործոններն օգնում են կանխել և կառավարել 2-րդ տիպի շաքարախտը:
«Մենք բոլորս ուզում ենք երկար ապրել և առողջ մնալ»,- ասում է հետազոտության ավագ հեղինակ և Ռոանոկի Վիրջինիայի տեխնոլոգիական ինստիտուտին առընթեր ֆիզիկական բժշկության կենտրոնի տնօրեն Զեն Յանգը:
«Կանոնավոր վարժությունների օգուտները լավ հայտնի են։ Մարդկանց առողջության առումով բազմաթիվ ապացույցներ կան, որ ինչպես աէրոբիկ վարժությունները, օրինակ՝ վազքը, այնպես էլ ուժային մարզումները, մասնավորապես ծանրաձողի բարձրացումը, օգնում են բարելավել ինսուլինի նկատմամբ զգայունությունը»,- պարզաբանել է Յանը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Sport and Health Science բժշկագիտական հանդեսում։
Երկու տեսակի վարժություններն ուղղակիորեն համեմատելու համար գիտնականները մկների համար «ուժային մարզման» յուրօրինակ մոդել են ստեղծել։ Խմբերից մեկն փոքրիկ օձիք էր կրում ուսերին, որը թույլ էր տալիս կենդանիներին բարձրացնել ծանրաբեռնված կափարիչը՝ սնունդ վերցնելու համար՝ նմանակելով ծնկածալումները։
Մկների մեկ այլ խումբ ազատորեն հասանելիություն ուներ վազքի անիվին։ Երրորդ խումբը ակտիվություն չցուցաբերեց կամ սովորական կամ յուղալի սնունդ ստացավ։
Ութ շաբաթ անց երկու վարժությունների խմբերն էլ ցույց տվեցին բարելավումներ, մինչդեռ ուժային մարզում կատարած մկները որովայնի հատվածում և մաշկի տակ ավելի շատ ճարպ կորցրեցին, իսկ նրանց մկանները ավելի արդյունավետ ինսուլինային ազդանշաններ ցուցաբերեցին։
«Այս հետազոտության հիմնական եզրակացությունն այն է, որ եթե հնարավոր է, կարևոր է համատեղել ինչպես աէրոբիկ, այնպես էլ ուժային մարզումները՝ առողջության համար օգուտները մեծացնելու համար»,- նշել է Յանը։
Բացի դրանից, սա լավ լուր է նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող վազել կամ այլ աէրոբիկ վարժություններ անել։ Ուժային մարզումները հավասար, իսկ երբեմն նույնիսկ ավելի մեծ պաշտպանություն են ապահովում շաքարախտի դեմ»,- հավելել է նա։
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ ավելի քան 38 միլիոն ամերիկացիներ տառապում են շաքարախտից, իսկ ճարպակալումը մնում է հիմնական ռիսկի գործոն։
Յանը շեշտել է, որ նույնիսկ շաքարախտի դեղամիջոցների, օրինակ՝ GLP-1 պատրաստուկները, ի հայտ գալուց հետո, դեղամիջոցները չեն կարող փոխարինել կանոնավոր վարժությունների լիարժեք օգուտները։
Գիտնականները զգուշացնում են նաև, որ կենդանիների վրա կատարված հետազոտությունները միշտ չէ, որ լիովին արտացոլում են մարդկանց վրա ազդեցությունը։






