Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Diabetes, Obesity, and Metabolism բժշկագիտական հանդեսում, գնահատել է, թե ինչպես է սեմագլուտիդի բերանացի (կուլ տալու միջոցով) ընդունումն ազդում 2-րդ տիպի շաքարախտով բուժառուների վրա իրական պայմաններում՝ կլինիկական փորձարկումների խիստ շրջանակներից դուրս:
2-րդ տիպի շաքարախտը շարունակում է մնալ սրտանոթային և երիկամային հիվանդությունների ռիսկի լուրջ գործոն և զգալի բեռ է ստեղծում առողջապահական համակարգերի համար: Միայն Նիդեռլանդներում մոտավորապես 1,2 միլիոն մարդ տառապում է դրանից, իսկ խնամքի ծախսերը 2019 թվականին հասել են 1,3 միլիարդ եվրոյի: Հետևաբար, արդյունավետ և պատշաճ թերապիայի որոնումը մնում է առաջնահերթություն:
Սեմագլուտիդը՝ GLP-1 ընկալիչների ագոնիստը, վաղուց ապացուցել է իր արդյունավետությունը կլինիկական փորձարկումներում՝ նվազեցնելով մարմնի զանգվածը և գլիկացված հեմոգլոբինի մակարդակը: Սակայն առ այսօր քիչ տվյալներ կան այն մասին, թե որքանով է այդ օգուտը դրսևորվում բժիշկների սահմանափակ հասանելիությամբ և անկանոն թեստավորմամբ պայմաններում հսկվող սովորական բուժառուների շրջանում, հատկապես համավարակի ժամանակահատվածում:
Գիտնականները վերլուծել են Նիդեռլանդներում բնակվող 731 բուժառուների տվյալները, ովքեր սկսել են կուլ տալու միջոցով սեմագլուտիդ ընդունել՝ 2020-2022 թվականների միջև ընկած ժամանակահատվածում և նախկինում այդ դասի դեղամիջոցներ չեն ստացել: Մասնակիցների միջին տարիքը 62 տարեկան էր, և նրանք շաքարախտ են ունեցել միջինը 11 տարի: Սկզբնական շրջանում բուժառուները կշռում էին մոտավորապես 102 կգ և ունեին HbA1c-ի համեմատաբար բարձր մակարդակ՝ 70 մմոլ/մոլ: Գրեթե բոլորը սկսել են օրական 3 մգ չափաքանակով։
Չնայած դիտումների տարբեր հաճախականություններին և ոչ ամբողջական լաբորատոր տվյալներին, արդյունքները տպավորիչ էին: Ընդամենը երեք ամիս անց HbA1c-ն նվազել է գրեթե 10 մմոլ/մոլով, իսկ 12 ամսվա ընթացքում՝ 16 մմոլ/մոլով: Մարմնի զանգվածը ևս զգալիորեն նվազել է՝ գրեթե 3 կգ երեք ամիս անց և մոտավորապես 5 կգ՝ ինը ամսվա ընթացքում: Այլ պարամետրեր, մասնավորապես՝ խոլեստերինի մակարդակը և արյան ճնշումը, չափավոր են փոխվել, սակայն ընդհանուր առմամբ կայունություն կամ աննշան բարելավում են ցույց տվել։
Հեղինակների կարծիքով՝ տվյալները հաստատում են կուլ տալու միջոցով սեմագլուտիդի ընդունման կայուն արդյունավետությունն իրական պրակտիկայում, նույնիսկ դիտումների մեծ ընդմիջումների պարագայում, և որ դեղամիջոցը բուժառուներին օգնում է առանց ներարկումների անհրաժեշտության հասնել շոշափելի բարելավումների։






