Այժմ, երբ նորահայտ դեղամիջոցները առաջիկա տարիներին հեպատիտ C-ով հիվանդ միլիոնավոր մարդկանց բուժումն են խոստանում, առաջնակարգ դեղագործական ընկերությունների, մասնավորապես՝ Gilead Sciences Inc-ի ուշադրությունն աստիճանաբար լյարդի այլ հիվանդությունների կողմն է սեւեռվում, որոնց շուկայում մեծ հաջողություն գրանցած ստատիններին մարտահրավեր նետելով, կարելի է տարեկան ավելի քան 30 մլրդ ԱՄՆ դոլարի շրջանառություն ապահովել, հաղորդում է Medical Daily-ն:
Որոշ ընկերություններ արդեն սկսել են վերահսկելի, բայց ոչ բուժելի համարվող հեպատիտ B-ի հաղթահարման միջոցների մշակմամբ զբաղվել: Նույնը նաեւ լյարդի ճարպակալմանն է վերաբերում, ինչն, անուշադրության մատնելու պարագայում, մինչեւ 2030թ.-ը յուրաքանչյուր երկրորդ ամերիկացուն կարող է սպառնալ: Որոշ՝ մշակման փուլում գտնվող դեղամիջոցներ էլ ուժեղ արտահայտված ֆիբրոզի եւ ցիռոզի բուժմանն են ուղղված: Այդ դեղամիջոցներից յուրաքանչյուրը, հավանության արժանանալու պարագայում, տարեկան 10 մլրդ դոլարի չափով վաճառքներ կարող է ապահովել:
Ընթացիկ կլինիկական փորձարկումների մեծ մասը դեռեւս առաջին կամ երկրորդ փուլում են գտնվում. դրանց առավել տեղեկատվական միջանկյալ արդյունքները գալիք տարվա ընթացքում հասանելի կլինեն:
Gilead Sciences Inc-ը, որ նախընթաց տարվա ավարտին առաջինն է հեպատիտ C-ի դեմ Sovaldi անվամբ դեղամիջոցը թողարկել եւ մինչ օրս յուրաքանչյուր եռամսյակի համար 3 մլրդ դոլարի վաճառք ապահովել, լյարդի հաջորդ հիվանդությունների բուժմանը միտված մրացավազքում, անկասկած, առաջատարների շարքում է լինելու:
Ներկայումս դեղագործների ուշադրությունն առավելապես լյարդի՝ ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտ (NASH) անվամբ հայտնի ճարպակալումն է գրավում: Բուժման բացակայության պարագայում այն օրգանը քայքայող ցիռոզի, այնուհետեւ էլ՝ քաղցկեղի վերածվելու ներուժ ունի:
Համաձայն գնահատականների, լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը, ներառյալ NASH-ը, ներկայումս Միացյալ Նահանգների բնակիչների մինչեւ 30 տոկոսի մոտ կարող է ախտորոշվել: Ախտահարման պատճառը անառողջ սննդակարգն ու ալկոհոլի չարաշահումն են, թեեւ շաքարախտը եւս կարող է դերակատարում ապահովել:
«Այդ իրավիճակի համար որեւէ բուժում չկա, բացի նրանից, որ հիվանդին կարող ենք խորհուրդներ տալ՝ քաշ կորցնելու անհրաժեշտության մասին», - նշել է Սենթ Լյուիսում գործող Վաշինգտոնի համալսարանին կից բժշկական դպրոցի հեպատոլոգիայի ծրագրի տնօրեն դոկտոր Մաուրիսիո Լիսկեր-Մելմանը:
NASH-ի հաղթահարման տեսանկյունից ամենախոստումնալիցը թերեւս Intercept Pharmaceuticals ընկերության նախաձեռնությամբ իրականացվող՝ միջին փուլերի հասած կլինիկական փորձարկումների արդյունքներն են, որոնք միջին բարդության հիվանդների մոտ օբետիխոլիկ թթվի՝ NASH-ի զարգացումը դադարեցնելու եւ լյարդի սպիացումը բարելավելու հատկության մասին են վկայում:
Intercept-ի երրորդ փուլի փորձարկումները հաջոդ տարի՝ առնվազն 1000՝ առավել ծանր հիվանդների շրջանում են իրականացվելու:
Ընդհանուր առմամբ, Gilead-ի մրցակիցների շարքում, Intercept-ից բացի, նաեւ ֆրանսիական Genfit-ը, իսրայելական Galmed-ը, Galectin Therapeutics-ը, Conatus Pharmaceuticals-ը եւ Raptor Pharmaceuticals-ն են, մատնանշում են մասնագետները:






