«Վատ» LDL խոլեստերինի մակարդակի իջեցումը, որը ավանդաբար համարվում է սրտի համար օգտակար, կարող է պարադոքսալ կերպով մեծացնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման վտանգը։ Նման եզրակացության են հանգել Նեապոլի Ֆեդերիկո Երկրորդի անվան համալսարանի հետազոտողները՝ գրեթե 14 հազար չափահասների տվյալները վերլուծելուց հետո։ Արդյունքները հրապարակվել են Cardiovascular Diabetology բժշկագիտական հանդեսում։

Վերլուծությունը ցույց է տվել, որ որքան ցածր է LDL մակարդակը, այնքան բարձր է շաքարախտի առաջնային ախտորոշման հավանականությունը՝ անկախ ստատինի օգտագործումից։ LDL-ի յուրաքանչյուր 10 մգ/դլ աճը մոտ 10%-ով նվազեցնում էր հիվանդության ռիսկը, մինչդեռ շատ բարձր LDL (≥131 մգ/դլ) ունեցող մարդկանց շրջանում ռիսկը նվազագույն էր։ Միևնույն ժամանակ ստատինները մեծացնում էին շաքարախտի զարգացման հավանականությունը բոլոր խմբերում, սակայն ընդհանուր միտումը պահպանվել է. ցածր LDL-ն ինքնին կապված է ածխաջրերի նյութափոխանակության խանգարումների ռիսկի բարձրացման հետ։

Արդյունքները համապատասխանում են գենետիկական հետազոտություններին. LDL-ն իջեցնող մուտացիաները հաճախ միաժամանակ մեծացնում են շաքարախտի վտանգը, ինչը ենթադրում է ընդհանուր կենսաբանական մեխանիզմ, որը ուղղակիորեն կապված չէ ստատինի օգտագործման հետ։ Հեղինակների կարծիքով՝ այդ տվյալները կարող են օգնել բժիշկներին ավելի ուշադիր մտածել բուժման մասին՝ հաշվի առնելով ոչ միայն խոլեստերինի նպատակային մակարդակը, այլև բուժառուի անհատական ​​նյութափոխանակության առանձնահատկությունները։