Մալարիայի դեպքերի և դրանից մահերի թիվն աշխարհում անցյալ տարի աճել է՝ ֆինանսավորման կրճատման և դեղորայքակայունության «աճող սպառնալիքի» ֆոնին, զգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իր նոր զեկույցում։

Ըստ գնահատականների՝ 2024 թվականին գրանցվել է մալարիայի 282 միլիոն դեպք և 610 000 մահ, ինչը մոտավորապես ինը միլիոն դեպքով և 12 000 մահով ավելի է, քան նախորդ տարի։

Աֆրիկայի տասնմեկ երկրներին բաժին է ընկնում մալարիայի դեպքերի և մահերի մոտ երկու երրորդը, իսկ մահացության նվազեցման ուղղությամբ առաջընթացը «դեռևս զգալիորեն հետ է մնում նախանշված նպատակներից», հայտնել են ԱՀԿ-ից։

2024 թվականին դեպքերի աճը «հատկապես մտահոգիչ է եղել, քանի որ այն դեռ չի ներառում այս տարվա ֆինանսավորման կրճատումների ազդեցությունը», իր հրապարակած հայտարարության մեջ ասել է Malaria No More UK ոչ առևտրային կազմակերպության կառավարիչ տնօրեն Գարեթ Ջենքինսը։

Հարուստ երկրները, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, կտրուկ կրճատել են գլոբալ առողջապահական ծրագրերի, այդ թվում՝ մալարիայի դեմ պայքարի նախաձեռնությունների ֆինանսավորումը, հաղորդում է Euronews-ը։

ԱՀԿ-ից հայտարարել են, որ միջազգային օգնության կրճատումը մեծացնում է մալարիայի բռնկումների և վերսկսման ռիսկը, մինչդեռ ֆինանսավորման նախկին ծավալներն արդեն իսկ անբավարար են եղել։

Զեկույցի համաձայն՝ 2024 թվականին մալարիայի դեմ պայքարի միջոցառումների գլոբալ ֆինանսավորումը գնահատվել է 3.9 միլիարդ (3.4 միլիարդ եվրո)։ Սա փոքր-ինչ պակաս է նախորդ տարվա ցուցանիշից և շատ ավելի ցածր է այն 9.3 միլիարդից (8.1 միլիարդ եվրո), որն, ըստ առողջապահության մասնագետների գնահատականի, անհրաժեշտ է։

Մալարիան շարունակում է մնալ աշխարհի խոշորագույն առողջապահական խնդիրներից մեկը։ Այն մարդկանց է փոխանցվում մակաբույծով վարակված մոծակների խայթոցներով, այդ իսկ պատճառով դա արմատախիլ անելն ավելի դժվար է, քան մարդուց մարդուն փոխանցվող հիվանդությունները։

Մալարիան հաղթահարելը գնալով ավելի է բարդանում, քանի որ հիվանդության փոխանցողը՝ մակաբույծը, էվոլյուցիայի է ենթարկվում, ինչի պատճառով գոյություն ունեցող բուժման և կանխարգելման մեթոդները, օրինակ՝ միջատասպան նյութով ներծծված մոծակի ցանցերը, դառնում են պակաս արդյունավետ, զգուշացրել են ԱՀԿ-ից։

Աֆրիկայի առնվազն ութ երկիր հայտնել է արտեմիզինինի նկատմամբ մասնակի դիմադրողականության մասին, որը, ըստ ԱՀԿ-ի տվյալների, հանդիսանում է մալարիայի թերապիայի «հիմքը» այն պահից ի վեր, երբ հիվանդության հարուցիչը դիմադրողականություն է զարգացրել քլորոխինի նկատմամբ, որը 1980-ականների սկզբից առաջնային բուժման միջոցն է եղել։

Ջենքինսը կոչ է արել ավելացնել մալարիայի դեմ պայքարի գլոբալ ֆինանսավորումը, ներառյալ նոր բուժումների, «հաջորդ սերնդի» մոծակի ցանցերի և պատվաստումային արշավների մշակման համար։

«Մեզ անհրաժեշտ են ղեկավարներ, որոնք ոչ միայն հասկանում են մալարիայի հնարավոր վերսկսման մասշտաբը, այլև տեսնում են մալարիայի գիտության ներուժը՝ երկրներին օգնելու համար»,- ասել է Ջենքինսը։