Լյարդում LSECtin սպիտակուցի արտադրության ակտիվացումը որպես իմունային «անջատիչ» է գործում՝ դանդաղեցնելով ցիռոզի զարգացումը։ Այս եզրակացությանն են եկել իսպանական Միգել Էռնանդեսի համալսարանի գիտնականները՝ հետազոտության ընթացքում, որի արդյունքներով կիսվել են Լյարդի ուսումնասիրության եվրոպական ասոցիացիայի (EASL) ամսագրում։
Ցիռոզը խթանում է քրոնիկ բորբոքումը, իսկ այն, իր հերթին, արագացնում է լյարդի հյուսվածքում քայքայման գործընթացները։ Գիտնականներին հաջողվել է պարզել, որ LSECtin-ի արտադրության նվազումը կապված է Th17 բջիջների կտրուկ աճի հետ, որոնք լիմֆոցիտների ագրեսիվ տեսակ են և նպաստում են լյարդի վնասվածքների աճին, հայտնում է Planet Today-ը։ Հիվանդների հյուսվածքների վերլուծությունը հաստատում է, որ LSECtin-ի կորուստը ցիռոզի բնորոշ հատկանիշ է մնում։
Պաշտպանական մեխանիզմների կարգավորումը ստուգելու համար փորձագետները փորձ են անցկացրել՝ օգտագործելով լաբորատոր մկներ, որոնց մոտ արհեստականորեն բարձրացրել են LSECtin-ի մակարդակը։ Պարզվել է, որ սպիտակուցի լրացուցիչ արտադրությունը նվազեցրել է բորբոքման մակարդակը և պաշտպանել լյարդի հյուսվածքը։
Գլխավոր բացահայտումն այն է եղել, որ LSECtin-ը գործում է LAG-3 ընկալիչի միջոցով՝ մի մոլեկուլ, որը պատասխանատու է իմունային ռեակցիաների կարգավորման համար: LSECtin-ի և LAG-3-ի փոխազդեցությունը թույլ է տալիս արգելափակել Th17 բջիջների բազմացումը և զուգահեռաբար հանգեցնում է կարգավորիչ իմունային բջիջների զարգացման ուժեղացմանը, որոնք նվազեցնում են բորբոքումը:
Գիտնականները կարծում են, որ նոր տվյալները կօգնեն ստեղծել դեղամիջոցներ, որոնք կկարողանան կրկնօրինակել LSECtin-ի ազդեցությունը։ Սա թույլ կտա վերահսկել բորբոքումները ցիռոզի տարբեր փուլերում և դանդաղեցնել հիվանդության զարգացումը։






