Մեկ ժամ տևողությամբ նստած մնալը՝ անկախ նրանից՝ հեռուստացույց եք դիտում, կարդում, թե պլանշետ օգտագործում, զգալիորեն մեծացնում է տարեցների քրոնիկ հիվանդությունների վտանգը։ Այս եզրակացությանն է հանգել գիտնականների միջազգային խումբը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է Journal of Physical Activity and Health (JPAH) բժշկագիտական հանդեսում։
Գիտնականները վերլուծել են 28 ուսումնասիրության տվյալներ, որոնց մասնակցել է 60 տարեկանից բարձր ավելի քան 82 հազար մարդ։ Նրանք պարզել են, որ տարեց մարդիկ որքան շատ են նստած ժամանակ անցկացնում, այնքան վատանում են նրանց հիմնական կարդիոմետաբոլիկ ցուցանիշները. բարձրանում է արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը, մեծանում է իրանի շրջագիծը, և բարձրանում է արյան ճնշումը։ Սա ճիշտ է նույնիսկ նրանց համար, ովքեր պարբերաբար մարզվում են։
«Այս կապը չի կարելի անտեսել։ Դուք կարող եք հասնել ձեր շաբաթական ակտիվության նպատակին, բայց եթե ձեր մնացած ժամանակն անցկացնում եք նստած, ձեր առողջությունը դեռևս վտանգի տակ է»,- հայտարարել է Բրունելի համալսարանի առողջության վրա նստակյաց վարքի ազդեցության մասնագետ Դանիել Բեյլին։
Հետազոտողների կարծիքով՝ միլիոնավոր մարդիկ ամեն օր սրտի կաթվածի, կաթվածի կամ շաքարախտի զարգացման ռիսկ են «կուտակում»՝ հաճախ առանց դա գիտակցելու։
Հատկապես նշանակալից է, որ երկարատև նստելու բացասական ազդեցությունը հայտնաբերվել է նույնիսկ ակնհայտորեն առողջ մարդկանց վրա, ովքեր ախտորոշված հիվանդություններ չունեն։ Ամենաուժեղ և ամենահաստատուն կապը հայտնաբերվել է գոտկատեղի շրջագծի մեծացման հետ, որը ապագա առողջական խնդիրների ամենահուսալի կանխատեսողներից մեկն է։
«Մենք այս ազդեցությունները տեսնում ենք այն մարդկանց վրա, ովքեր դեռ իրենց հիվանդ չեն զգում։ Սա նշանակում է, որ հնարավորություն ունենք միջամտելու վաղ, նախքան ախտանիշների ի հայտ գալը»,- նշել է Բեյլին։
Այնուամենայնիվ, ֆիզիկական ակտիվությունը միայն մասամբ է փոխհատուցում վնասը. վարժությունների մակարդակը հաշվի առնելուց հետո, երկարատև նստելու բացասական հետևանքները շարունակվել են։
Հետազոտողները նշում են, որ անհրաժեշտ են նոր ռազմավարություններ, որոնք ոչ միայն կխրախուսեն ավելի շատ շարժումը, այլև կօգնեն նստակյաց ժամանակը կրճատելուն։ Դրանք կարող են ներառել պարզ միջոցառումներ, ինչպիսիք են հեռախոսով կանգնած խոսելը, հեռուստացույցի առջև անցկացրած ժամանակը զբոսանքով փոխարինելը կամ թեթև տնային գործեր անելը։






