Մինչ 2050թ.-ը արեւմտյան երկրների բնակիչները կդադարեն սեքսով զբաղվել՝ տեսակը շարունակելու համար: Ստենֆորդի համալսարանը ներկայացնող պրոֆեսոր Կառլ Ջերասիի համոզմամբ, ապագայի մարդիկ երիտասարդ տարիքում, նախքան ստերջացման ենթարկվելը, պարզապես ձվաբջիջներ եւ սերմնահեղուկ կսառեցնեն, այնուհետեւ էլ՝ արտամարմնային բեղմնավորման օգնությանը կդիմեն:

Նման ռազմավարությունն ի վերջո կարող է աբորտների պրակտիկայի դադարեցման հանգեցնել: Ընդհանուր առմամբ, մարդիկ, առանց պտղաբերության մասին մտահոգվելու, ավելի ուշ տարիքում երեխաներ կունենան: Օրինակ, 20 տարեկանում ձվաբջիջները սառեցնելով, կանայք կարող են հանգիստ իրենց կարիերայով զբաղվել: Իսկ գենետիկական սքրինինգի օգնությամբ էլ արատավոր երեխաներ լույս աշխարհ բերելու հեռանկարից կխուսափեն:

Առաջին քայլն այդ ուղղությամբ 1951թ.-ին՝ օրալ կոնտրացեպտիվների հայտնագործմամբ է դրվել, հիշեցնում է The Telegraph-ը:

Պրոֆեսորը գտնում է, որ տղամարդկանց համար նախատեսված հակաբեղմնավորիչներ դժվար թե գործածության մեջ մտնեն: Համենայն դեպս, չափազանց երկար ժամանակ կպահանջվի՝ դրանց անվտանգությունն ապացուցելու համար: Խնդրո առարկա տեսանկյունից հարկավոր է այն հանգամանքը եւս հաշվի առնել, որ տղամարդիկ մինչեւ ծերունական տարիքի հասնելը կարող են երեխա ունենալ: Հետեւապես առավել հեռանկարային է նրանց սերմնահեղուկի երկարատեւ պահպանումը կազմակերպել: Փորձարկումները ցույց են տվել, որ գործընթացը հնարավոր է՝ մի քանի տասնյակ տարիների համար: Չի բացառվում, որ ապագայում պրակտիկան նաեւ բանակայինների վրա կարող է տարածվել: