Կոլորադոյի Անշուտց համալսարանի գիտնականները պարզել են, որ այլ հիվանդությունների համար վաղուց հաստատված դեղամիջոցը կարող է օգտագործվել Ալցհայմերի հիվանդության և կոգնիտիվ վատթարացման հետ կապված նեյրոնների մահը դանդաղեցնելու համար:

Cell Reports Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ այս դեղամիջոցը, որը մարդու բնական GM-CSF սպիտակուցի սինթետիկ տարբերակն է, առաջին կլինիկական փորձարկումների ընթացքում բարելավել է Ալցհայմերով հիվանդների կոգնիտիվ գործառույթների ցուցանիշներից մեկը և նվազեցրել արյան մեջ նեյրոնների մահվան մարկերները:

Սարգրամոստիմ (նաև Leukine առևտրային անվանմամբ) հայտնի դեղամիջոցն արդեն ավելի քան 30 տարի կիրառվում է տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար: Նոր հետազոտության մեջ այն կիրառել են Ալցհայմերով հիվանդների բուժման համար. արյան հետազոտությունը ցույց է տվել նեյրոնների մահվան մարկեր հանդիսացող UCH-L1 սպիտակուցի մակարդակի զգալի նվազում՝ հասնելով մինչև երիտասարդ տարիքին բնորոշ ցուցանիշների: Բացի այդ, դեղամիջոցն ընդունած մասնակիցները կոգնիտիվ թեստերից մեկով ավելի լավ արդյունքներ են գրանցել, քան պլացեբո ստացողները:

Հետազոտողները նկատել են նաև, որ տարիքի հետ նեյրոնների վնասման և բորբոքման հետ կապված սպիտակուցների (օրինակ՝ UCH-L1) մակարդակն աճում է էքսպոնենցիալ կերպով, հատկապես կանանց մոտ, թեև այդ տարբերությունների պատճառները դեռ պարզ չեն: Արյան մեջ բորբոքային GFAP սպիտակուցի մակարդակի բարձրացում է նկատվել արդեն 40 տարեկանից հետո, ինչը մատնանշում է տարիքային նեյրոբորբոքման և արագացված կոգնիտիվ անկման հնարավոր կապը:

GM-CSF սպիտակուցը, որի հիմքով ստեղծվել է սարգրամոստիմը, խթանում է իմունային համակարգը՝ նպաստելով ոսկրածուծում և ուղեղում նոր իմունային բջիջների առաջացմանը, ինչպես նաև կարգավորում է բորբոքումը: Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ այս սպիտակուցն ընդամենը մի քանի շաբաթվա թերապիայի ընթացքում ընդունակ է վերականգնել կոգնիտիվ վիճակը և նվազեցնել նեյրոնների մահվան արագությունը:

Գիտնականները նշում են, որ թեև առաջին փորձարկումների արդյունքները հուսադրող են, դրանք դեռ նախնական են: Թերապիայի ավարտից հետո նեյրոնների մահվան մարկերները կրկին բարձրացել են, սակայն կոգնիտիվ թեստերի բարելավված արդյունքները պահպանվել են: