Օլիվիա Նյուտոն-Ջոնի անվան քաղցկեղի հետազոտության ինստիտուտի (ONJCRI) գիտնականները պարզել են, որ TAK1 գենն օգնում է քաղցկեղային բջիջներին գոյատևել՝ հետ մղելով իմունային համակարգի գրոհները և սահմանափակելով իմունոթերապիայի արդյունավետությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports ամսագրում:
Գիտնականները հայտնաբերել են, որ TAK1-ը գործում է որպես «ապահովիչ»՝ պաշտպանելով ուռուցքը CD8⁺ T-բջիջների ազդանշաններից, որոնք իմունային համակարգի հիմնական «մարդասպաններն» են: Գենետիկական հետազոտությունը նաև ցույց է տվել, որ CRISPR/Cas9 տեխնոլոգիայի միջոցով TAK1-ի անջատումը զգալիորեն դանդաղեցնում է ուռուցքների աճը բնականոն իմունային ֆունկցիա ունեցող մկների մոտ:
«Հայտնի է, որ TAK1-ը նպաստում է քաղցկեղային բջիջների գոյատևմանը և կանխում դրանց մահը, սակայն մենք չգիտեինք, որ քաղցկեղային բջիջներն օգտագործում են այս մարտավարությունը՝ իմունային համակարգի կողմից ոչնչացումից խուսափելու համար», - բացատրել է հետազոտության հեղինակ, ONJCRI-ի դոկտոր Էնն Հուբերը:
Գենի անջատումը բջիջներին զրկում է cFLIP սպիտակուցից, որը սովորաբար կանխում է դրանց մահը: Նման փոփոխությունը բարձրացնում է ուռուցքի զգայունություն` իմունային ներգործության նկատմամբ: Գիտնականների խոսքով՝ այս բացահայտումը մատնանշում է բուժման նոր ռազմավարությունների ստեղծման հեռանկարը. TAK1-ի արգելափակումը կարող է ուժեղացնել գոյություն ունեցող իմունոթերապիայի ազդեցությունը:
Ապագայում թիմը ծրագրում է փորձարկել TAK1-ի նպատակային ճնշման եղանակներ, օրինակ՝ նանոմասնիկների օգնությամբ և գնահատել, թե ինչպես դա կուժեղացնի հակաքաղցկեղային իմունային պատասխանը: Նոր մոտեցումները կարող են օգնել իմունային համակարգին արդյունավետորեն ոչնչացնել նախկինում դիմացկուն ուռուցքային բջիջները:






