Հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, ալյուր արտադրող ընկերությունների, այլ գերատեսչությունների, ինչպես նաեւ լրատվական միջոցների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Օրենքը կարգավորում է մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի եւ վիտամինների բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջության անցանկալի ազդեցություններից զերծ պահելու նպատակով ցորենի ալյուրի հարստացման եւ հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները: Մասնագետների կարծիքով` «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի մի քանի տարի անց խոսել առողջության տարբեր ցուցանիշների բարելավման մասին:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հանրային առողջապահական այս ծրագրի իրականացման հարցում հետեւողական է լինելու: Նա տեղեկացրել է, որ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը մեկ տարի կտրամադրի նաեւ այն միկրոտարրերը, որոնցով հարստացվելու է ալյուրը։

ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն էլ ներկայացրել է վիճակագրական տվյալներ: Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետեւանքով 0-5տ. երեխաների 47 % եւ հղի կանանց 42 % տառապում է սակավարյունությամբ: Ամեն օր աշխարհում 300 կին մահանում է ծննդաբերության ժամանակ անեմիայի եւ երկաթի անբավարարության հետեւանքով, շուրջ 500 նորածին ծնվում է նյարդային խողովակի զարգացման բնածին արատով, 4000 մեծահասակ մահանում է սրտի կաթվածից:

ԱՀԿ եւ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի տվյալներով աշխարհում ավելի քան 40 մլն նախադպրոցական տարիքի երեխաներ տառապում են սուր եւ ավելի քան 120 մլն երեխաներ` խրոնիկական թերսնուցումից: Աշխարհի բնակչության 20 %-ը ենթակա է միկրոսնուցող նյութերի (երկաթ, ֆոլաթթու, յոդ, վիտամին A եւ այլն) անբավարարության, որի հետեւանքն են հանդիսանում մի շարք ծանր ու անդարձելի ախտաբանական վիճակներ, որոնք հաճախ ավարտվում են հաշմանդամությամբ կամ բերում են մահվան: