Ալկոհոլի ամենօրյա օգտագործման անգամ ամենացածր մակարդակը՝ ընդամենը ինը գրամ, ինչը համապատասխանում է մեկ ստանդարտ ըմպելիքին, Հնդկաստանում կապված է այտերի եւ շուրթերի լորձաթաղանթների քաղցկեղի առաջացման վտանգի հետ։

Այսպիսի եզրահանգման են եկել խոշոր համեմատական հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակվել են BMJ Global Health ամսագրում։ Նրանց գնահատականներով՝ հիվանդության հավանականությունն ավելանում է մոտ հիսուն տոկոսով, իսկ առավելագույն վտանգը կապված է տեղի, տնային արտադրության ալկոհոլային ըմպելիքների հետ։

Բերանի խոռոչի քաղցկեղը տարածվածությամբ երկրորդ օնկոլոգիական հիվանդությունն է Հնդկաստանում։ Ամեն տարի երկրում գրանցվում են ավելի քան 40 հազար նոր դեպք եւ մոտ 80 հազար մահ։ Հիվանդացությունը շարունակում է աճել, հատկապես տղամարդկանց շրջանում։ Հնդկաստանում հիվանդության հիմնական ձեւը ախտահարում է այտերի եւ շուրթերի ներքին մակերեսի լորձաթաղանթը, եւ պացիենտների մոտ կեսը ապրում է հինգ տարուց մի փոքր ավելի ախտորոշումից հետո։

Քանի որ ալկոհոլի օգտագործումը հաճախ զուգակցվում է ծխախոտ ծամելու հետ, հետազոտողները փորձել են հասկանալ յուրաքանչյուր գործոնի ներդրումը առանձին, ինչպես նաեւ դրանց համակցված ազդեցությունը: Դրա համար նրանք համեմատել են Հնդկաստանի հինգ շրջաններում 2010-2021թթ․ հավաքագրված մոտ 1 800 պացիենտների տվյալները, որոնց մոտ հաստատվել էր բերանի լորձաթաղանթի քաղցկեղ, եւ մոտ 2 000 անհատների տվյալները, որոնք այդ հիվանդությունը չեն ունեցել: Մասնակիցները մանրամասն տեղեկություններ են տրամադրել ինչպես ալկոհոլի արդյունաբերական, այնպես էլ տեղական արտադրության ավելի քան 30 տեսակի օգտագործման տեսակի, քանակի եւ տեւողության, ինչպես նաեւ ծխախոտի օգտագործման ձեւերի եւ տեւողության վերաբերյալ:

Արդյունքները ցույց են տվել, որ նույնիսկ ալկոհոլի նվազագույն քանակությունը կապված է քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացման հետ: Ալկոհոլ օգտագործողների շրջանում ռիսկը գրեթե 70 տոկոսով ավելի բարձր է եղել, քան չխմողների շրջանում, իսկ տեղական ալկոհոլային խմիչքներ նախընտրողների շրջանում այն ​​աճել է գրեթե 90 տոկոսով: Ալկոհոլի եւ ծխախոտի համակցված օգտագործումը ավելի քան չորս անգամ մեծացրել է ռիսկը: Հեղինակների հաշվարկներով՝ Հնդկաստանում այս տեսակի քաղցկեղի բոլոր դեպքերի մոտ 62 տոկոսը պայմանավորված է այս համակցությամբ։

Գիտնականները ենթադրում են, որ էթանոլը մեծացնում է բերանի խոռոչի լորձաթաղանթի թափանցելիությունը, ինչն այն ավելի խոցելի է դարձնում ծխախոտում պարունակվող քաղցկեղածին նյութերի նկատմամբ: Թունավոր խառնուրդները, ինչպիսիք են մեթանոլը եւ ացետալդեհիդը, որոնք հաճախ առկա են տեղական չկարգավորվող ալկոհոլային խմիչքներում, նույնպես կարող են դեր ունենալ: Հեղինակներն ընդգծել են, որ այս տեսակի քաղցկեղի համար ալկոհոլի սպառման անվտանգ մակարդակ չկա, եւ որ ալկոհոլի եւ ծխախոտի սպառումը նվազեցնելու միջոցառումները կարող են զգալիորեն նվազեցնել հիվանդությունը երկրում: