Հունվարի 1-ին Հայաստանում ուժի մեջ մտավ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որը բուռն քննարկումներ առաջացրեց թե՛ մասնագիտական շրջանակում, թե՛ հանրության շրջանում: Չնայած մեխանիզմի անավարտության և անպատրաստության վերաբերյալ քննադատություններին՝ իշխանությունները պնդում են դրա անհապաղ ներդրման անհրաժեշտության մասին: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համակարգը պետք է «ձևավորվի այնպես, ինչպես կա»՝ սխալների և ճշգրտումների միջոցով: Օրենքի առաջին և երկրորդ ընթերցումների միջև տեղի ունեցած փոփոխություններին, ապահովագրական մոդելի կատարելագործման աստիճանին և այն առողջապահական համակարգին, որով երկիրը փաստացի մտել է նոր տարի, NEWS.am-ի եթերում անդրադարձել է "անկախ փորձագետ" ՀԿ ղեկավար Ծաղիկ Վարդանյանը:
Քաղաքացիները վճարում են բժշկական ծախսերի 86%-ը
Ինչպես նշում է փորձագետը, ազգային հաշիվների տվյալներով՝ փաստաթուղթ, որը հաշվարկվում է միջազգային չափանիշներով և օգտագործվում որպես հիմք տարբեր երկրներում առողջապահական ռազմավարությունների մշակման համար, Հայաստանում առողջապահության վրա պետական ծախսերի մասնաբաժինը կազմում է ընդամենը մոտավորապես 14%: Քաղաքացիները ծախսերի մնացած 86%-ը վճարում են իրենց գրպանից:
«Նման հարաբերակցության դեպքում անհնար է խոսել բժշկական ծառայությունների որակից գոհ լինելու մասին: Հիմնական ֆինանսական բեռը կրում է քաղաքացին, և դա ուղղակիորեն ազդում է առողջապահական համակարգի ընկալման վրա»,- ընդգծում է Վարդանյանը։
Ըստ նրա՝ համակարգի բարեփոխումը վաղուց է հասունացել: Փորձագետի կարծիքով՝ նվազագույն նպատակը կլինի պետական և մասնավոր ծախսերի հարաբերակցությունը հասցնելն առնվազն 30/70-ի, ինչպես ընդունված է շատ հետխորհրդային երկրներում: Սակայն, ընդգծում է նա, զարգացած երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի հետ համեմատությունը, որտեղ պետությունը և ապահովագրությունը ծածկում են բժշկական ծախսերի ավելի քան 80%-ը, Հայաստանի համար անհասանելի չափանիշ են մնում։
«Մենք չափազանց հեռու ենք նման մոդելներից, որպեսզի խոսենք նշանակալի հաջողության մասին: Ավելին, համեմատաբար ընդունելի մահացության, հիվանդացության, կյանքի տևողության և գոյատևման ցուցանիշները, դրանց թվում՝ քաղցկեղով հիվանդացության դեպքում, մեծ մասամբ ապահովվում են նրա հաշվին, որ որ քաղաքացիները ստիպված են լինում ինքնուրույն վճարել բուժման համար»,- նշում է փորձագետը։
Պետպատվերից մինչև ապահովագրական մոդել. արդյո՞ք առողջապահության ֆինանսավորումը փոխվում է Հայաստանում
Այս համատեքստում պետությունը, նշում է նա, իր քաղաքացիների նկատմամբ հստակ սոցիալական պարտավորություն ունի, որի կարևոր մասը բժշկական օգնության հասանելիությունն է։ Ներկայում ապահովագրական համակարգը դեռևս այդ գործառույթը կատարելու ամենաարդյունավետ մեխանիզմն է ամբողջ աշխարհում, չնայած դրա իրականացման մոդելների բազմազանությանը։
Վարդանյանը հիշեցրեց, որ Հայաստանն ընտրել է մեկ գնորդի մոդելը, և դրան առընթեր պետությունը ստեղծել է հատուկ հիմնադրամ, որի միջոցով ֆինանսավորվում են բժշկական ծառայությունները։ Հակառակ շուկայում մի քանի մասնավոր ապահովագրական ընկերությունների առկայությանը՝ մոտ 100 հազար մարդ ընդգրկված է կամավոր ապահովագրության մեջ, հիմնականում կոլեկտիվ պայմանագրերի միջոցով։ Նախկինում ապահովագրական մեխանիզմի տարրերն օգտագործվել են նաև սոցիալական փաթեթների շրջանակում՝ քաղաքացիների որոշակի կատեգորիաների՝ ուսուցիչների, պետական ծառայողների և որոշակի պետական հաստատությունների աշխատակիցների համար։
2026 թվականի հունվարի 1-ից, ըստ փորձագետի, սկզբունքային անցում է տեղի ունեցել. առողջապահության ոլորտում պետական պատվերի հայեցակարգը գործնականում վերացվել է և փոխարինվել ապահովագրական մոդելով։ Առաջին փուլում ապահովագրական համակարգը ներառում է մոտ 1,6 միլիոն քաղաքացու, որոնք սպասարկվում են մեկ հիմնադրամի միջոցով։ Մնացած բնակչությունը օրենսդրությամբ նշված է որպես «չապահովագրված անձինք» և հասանելիություն ունի բժշկական ծառայությունների նվազագույն փաթեթին, ինչպես նաև սահմանված պայմաններով լրացուցիչ ծառայություններին։
Փորձագետն ընդգծում է, որ համակարգի ներդրումը ենթադրում է աստիճանական անցում համընդհանուր ընդգրկման, որի արդյունքում ապահովագրությունը կապահովվի երկրի բոլոր բնակիչներին: Պաշտոնական տվյալներով՝ մոտ 16 հազար քաղաքացի արդեն օգտվել է համակարգի առավելություններից դրա գործունեության առաջին օրերին։
Անցումային շրջան. պաշտոնական ներդրում՝ լիարժեք գործարկման փոխարեն
Ինչպես նշում է Վարդանյանը, իշխանությունները առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման համար հատկացրել են վեցամսյա անցումային շրջան, որի մասին հրապարակայնորեն չափազանց քիչ է խոսվում: Ըստ նրա՝ դա մեծ հաշվով պայմանավորված է քաղաքական համատեքստով. նախընտրական շրջանում «անցումային փուլի» գաղափարն ինքնին անհարմար է։
Գործնականում անցումային շրջանը սահմանափակվում է ինստիտուցիոնալ ձևականություններով: Ստեղծվել է ժամանակավոր հոգաբարձուների խորհուրդ, նշանակվել է հիմնադրամի ժամանակավոր տնօրեն, և մեկուկես ամսվա ընթացքում հիմնադրամն ինքը պետք է լիովին ձևավորվի՝ բոլոր անհրաժեշտ ատրիբուտներով՝ գրանցում, հաստիքներ և գրանցամատյաններ: Դրան զուգահեռ, չնայած այն լուծարելու որոշմանը, Պետական առողջապահական գործակալությունը մոտ մեկ ամիս կշարունակի գործել։
«Ֆորմալ առումով գործակալությունը լուծարվում է, բայց փաստացի հիմնադրամը փոխանցման-ընդունման մեխանիզմի միջոցով դառնում է նրա իրավահաջորդը: Դա կառավարման ստանդարտ պրակտիկա է, որը միաժամանակ հնարավորություն է տալիս ազատվել անցանկալի կադրերից»,- պարզաբանում է Վարդանյանը՝ ընդգծելով, որ փոխանցման մեխանիզմն ինքնին սկզբունքային առարկություններ չի առաջացնում, սակայն վկայում է բարեփոխման անկատարության մասին։
Համակարգը ներդրվում է սահմանադրական սկզբունքների խախտմամբ
Ըստ փորձագետի՝ ներկա փուլում ապահովագրական մոդելի իրական անցում տեղի չի ունեցել։ 2025 թվականին պետական պատվերի շրջանակում մատուցվող բժշկական ծառայությունները շարունակում են մատուցվել այսօր՝ միակ տարբերությունն այն է, որ դրանք այժմ ձևականորեն «ապահովագրական» են կոչվում։
Մոտ 1,6 միլիոն քաղաքացի գրանցված է «ԱրմՄեդ» համակարգում որպես ապահովագրված անձ։ Այդ կարգավիճակը ձեռք է բերվել 200 հազար դրամից ավելի հարկային բազա ունեցող աշխատողների աշխատավարձից պահումների միջոցով, որոնք սկսվել են դեռևս դեկտեմբերից։
Վարդանյանն այս հարցը սկզբուքային խնդիր է համարում։ Նրա գնահատմամբ՝ խոսքը վատթարացող նորմների հետադարձ կիրառման անթույլատրելիության սահմանադրական սկզբունքի խախտման մասին է։
«Օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ին, սակայն պահումները սկսվել են ավելի վաղ։ Դա փաստացի նշանակում է պարտադիր վճարման հետադարձ ներդրում։ Անկախ անվանումից՝ ապահովագրավճար, թե այլ եզրույթ, դա, ըստ էության, հարկ է»,- ընդգծում է փորձագետը։
Նա նշում է, որ աշխատողների համար այդ գործընթացն ավտոմատ կերպով էր ընթանում, մինչդեռ ինքնազբաղված անձինք և զբաղվածության այլ ձևեր ունեցողները պարտավոր են ինքնուրույն սկսել վճարումները, հակառակ դեպքում կարող են ենթարկվել տուգանքների։ Այդ ամենն, ըստ նրա, վերջնական արդյունքում ամրապնդում է նոր մեխանիզմի պարտադիր, հարկաբյուջետային բնույթը։
Պայմանագրերի և գների բացակայություն. համակարգի հիմնական տարրերը դեռևս անորոշ են
Վարդանյանը նշում է մեկ այլ համակարգային խնդիր՝ բժշկական կազմակերպությունների հետ համապարփակ պայմանագրերի բացակայությունը։ Փաստորեն, բժշկական հաստատությունների համար հանրային առաջարկը հրապարակվել է միայն 2025 թվականի վերջին աշխատանքային օրվա երեկոյան, որից հետո տոների ժամանակ հավաքվել են համաձայնության ձևեր՝ առանց համապատասխան աշխատանքային պայմանների և առանց լրացուցիչ փոխհատուցման։
Ընդ որում, ընդգծում է փորձագետը, անհատական պայմանագրերի բացակայությունը նշանակում է, որ բժշկական ծառայությունների արժեքը, դրանց մատուցման շրջանակը և ծածկույթի պայմանները մնում են անորոշ։ Որոշ պարամետրեր իսկապես ամրագրված են կառավարության որոշումներում և նախարարական հրամանագրերում, մինչդեռ համակարգի հիմնական տարրերն առաջվա պես «լողացող» բնույթ ունեն։
Վարդանյանը որպես օրինակ բերում է ծառայությունների փաթեթում արդեն իսկ ներառված սահմանափակումները՝ սահմանված սահմանաչափից բարձր շտապօգնության կանչերի համար վճարները, տեղադրված ստենտների քանակի սահմանափակումները և էնդովասկուլյար վիրահատությունների որոշակի տեսակների տարիքային սահմանափակումները։ Սակայն, նշում է նա, ամենազգայուն հարցը՝ համաֆինանսավորման մեխանիզմը, դեռևս հստակորեն կարգավորված չէ։
«Արդյունքում, մենք տեսնում ենք ոչ թե լիարժեք ապահովագրական մոդել, այլ նախկին պետական պատվերի վերափոխում՝ փոփոխված եզրաբանությամբ։ Համակարգի դիզայնը թարմացվել է, բայց տրամաբանությունը մնացել է նույնը»,- եզրակացնում է փորձագետը։
Արմատական փոփոխություններ օրինագծում. Ազգային ժողովում առաջինից երկրորդ ընթերցումից հետո
Ըստ Ծաղիկ Վարդանյանի՝ օրինագծում արմատական փոփոխություններ են կատարվել առաջին ընթերցումից հետո, երբ այն ընդունվել է, սակայն այդ փոփոխությունները աննկատ են մնացել։ Օրինակ՝ առաջին ընթերցման ժամանակ մասնավոր ապահովագրական ընկերությունները կարող էին ապահովագրել միայն բազային փաթեթում չներառված բժշկական ծառայությունների համար, ինչը կարող էր զգալիորեն վատթարացնել մասնավոր ընկերությունների վիճակը։
Սակայն, ըստ երևույթին, այդ ընկերությունների լոբբինգի պատճառով, երկրորդ ընթերցման ժամանակ մտցվել է փոփոխություն, ըստ որի՝ սկսած 2029 թվականից, մասնավոր ապահովագրողները կարող են իրենց փաթեթներում ներառել բոլոր ծառայությունները, դրանց թվում՝ բազային փաթեթում ներառվածները։
Նա նշում է, որ դա կարող է հանգեցնել պետական բազային փաթեթի նվազագույն ծավալին հասցնելուն։ Բարձր եկամուտ ունեցող անձինք ևս մասնավոր ապահովագրություն ձեռք կբերեն և կստանան ավելի բարձր որակի բժշկական օգնություն, քան ցածր եկամուտ ունեցողները, ինչը կխորացնի սոցիալական անհավասարությունը երկրում։
Օտարերկրյա օպերատորը սպառնալիք է ազգային անվտանգությանը
Ըստ փորձագետի՝ մտահոգիչ է նաև այն փաստը, որ Առողջապահության նախարարությունը մրցույթ է հայտարարել առողջության ապահովագրության ինտեգրված օպերատորի ծառայությունները ձեռք բերելու համար, սակայն ոչ մի հայկական ընկերություն չի կարող բավարարել նման օպերատորի պահանջները։
Մասնավորապես, օպերատորը պետք է ունենա առնվազն երեք երկրում գործունեության փորձ՝ առնվազն մեկ միլիոն բնակչություն ունեցող ապահովագրական բազայով։ Փաստորեն, սա նշանակում է, որ օպերատորը կարող է լինել միայն օտարերկրյա ընկերություն, և փորձագետի կարծիքով՝ Առողջապահության նախարարությունն արդեն ունի իր թեկնածուն։ Ծաղիկ Վարդանյանը կարծում է, որ նման մեծ քանակությամբ տվյալների, հատկապես՝ բժշկական գաղտնիք պարունակող տվյալների կառավարումն օտարերկրյա օպերատորին փոխանցելը լուրջ սպառնալիք է ազգային անվտանգության համար։





