Նոր հետազոտությունը լույս է սփռում այն բանի վրա, թե ինչպես է Կոխի ցուպիկը՝ տուբերկուլյոզ առաջացնող Mycobacterium tuberculosis մանրէն,  օգտագործում մարդու սեփական իմունային համակարգը վարակն օրգանիզմում տարածելու համար։

Հրապարակումը հայտնվել է Cell Host & Microbe ամսագրում եւ առաջարկում է մոլեկուլյար մեխանիզմների թարմացված ընկալում, որոնք թույլ են տալիս հարուցչին ոչ միայն գոյատեւել իմունային բջիջների ներսում, այլեւ օգտագործել դրանք իրենց շահերին համապատասխան։

Տուբերկուլյոզը շարունակում է մնալ աշխարհում վարակիչ հիվանդություններից մահվան հիմնական պատճառներից մեկը, եւ մանրէի կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ վատթարացնում է վիճակը։ Բուժման ավելի արդյունավետ միջոցներ մշակելու համար կարեւոր է հասկանալ, թե ինչպես է M. tuberculosis-ը վարվում տիրոջ օրգանիզմի իմունային պատասխանի հետ։

Գիտնականները պարզել են, որ M. tuberculosis-ը կարող է մոդուլացնել իմունային բջիջների՝ մակրոֆագերի պաշտպանական ռեակցիաներ, այնպես, որպեսզի դրանց ներսում ստեղծի նպաստավոր միջավայր սեփական բազմացման համար։ Մակրոֆագերը բնածին իմունիտետի կարեւոր բջիջներն են, որոնք սովորաբար որսում եւ ոչնչացնում են պաթոգեններին։ Սակայն տուբերկուլյոզի մանրէն «իր ձեռքն է վերցնում կառավարումը». այն ոչ միայն խուսափում է ոչնչացումից, այլեւ շահագործում է բջիջ-տիրոջ մեխանիզմներն իր բազմացման եւ օրգանիզմում շարժվելու համար։

Այս պրոցեսում կարեւոր դեր են խաղում իմունային ռեցեպտորները եւ ազդանշանային ուղիները, որոնք պատասխանատու են բորբոքման առաջացման եւ պաշտպանական ֆունկցիաների ակտիվացման համար։ M. tuberculosis-ը ակտիվացնում է որոշ ազդանշաններ եւ ճնշում մյուսները՝ անհավասարակշռություն ստեղծելով, որը նվազեցնում է վարակի դեմ մակրոֆագերի պայքարելու ունակությունը։ Արդյունքում՝ մանրէները համեմատաբար անվտանգ միջավայրում են գտնվում բջիջների ներսում եւ կարող են  տարածվել թոքերում եւ այլ հյուսվածքներում։

Վերլուծությունը ցույց է տվել, որ տուբերկուլյոզի մանրէն խթանում է տիրոջ որոշակի գեների էքսպրեսիան, որոնք նպաստում են պաթոգենի գոյատեւմանը՝ միաժամանակ ճնշելով իմունային պատասխանի այն բաղադրիչները, որոնք կարող էին հանգեցնել դրա ոչնչացման։ Դա պաթոգենին թույլ է տալիս խուսափել ուղիղ ոչնչացումից, բայց եւ օգտագործել օրգանիզմի իմունային ռեակցիան սեփական զարգացման համար։

Ստացված արդյունքնրեը գործնական նշանակություն ունեն։ Ընկալումը, թե հատկապես որ ազդանշանային ուղիներն են օգտագործում մանրէները իմունային համակարգի մանիպուլացան համար, նոր հեռանկարներ է բացում թիրախային թերապեւտիկ միջամտությունների մշակման համար։ Հակաբիոտիկներով մանրէների ուղիղ ոչնչացման փոխարեն, որոնք կարող են կայունություն առաջացնել, նոր մոտեցումները կուղղվեն մակրոֆագերի բնականոն իմունային պատասխանի վերականգնմանը՝ պաթոգեններին զրկելով «օգնականներից»՝ օրգանիզմի սեփական պաշտպանական մեխանիզմներից։

Գիտնականներն ընդգծել են, որ այդ պրոցեսների հետագա ուսումնասիրությունը կարող է արագացնել  իմունամոդուլյատորային դեղերի եւ պատվաստանյութերի մշակումը, որոնք կօգնեն օրգանիզմին արդյունավետորեն հաղթահարել տուբերկուլյոզը՝ նվազեցնելով հիվանդության տարածումը եւ դրա ընթացքի ծանրությունը։