Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության ներդրումից կես ամիս է անցել, սակայն պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները դեռևս չգիտեն՝ ինչպես և ինչ ծավալով սպասարկել իրենց դիմած մարդկանց: Պոլիկլինիկայի միջանցքում կանգնած՝ միայն լսում ես բժիշկների ասածները. դեռ հրաման չկա, դեղերի ցանկ չկա, կոդեր չկան: Եվ հետո որպես ամփոփում. գուցե հաջորդ շաբա՞թ գաք:
NEWS.am Medicine-ի խմբագրության հետ կապ հաստատած մի կին ասաց, որ պոլիկլինիկա է եկել Armed հավելվածով իր բժշկի մոտ այց ամրագրելուց հետո: Սակայն, տեղում պարզվել է, որ բժիշկն արձակուրդում է, իսկ հավելվածը "այդ մասին տեղյակ չէ": Ընդունարանի աշխատակցուհին նրան առաջարկել է հերթագրել փոխարինող բժշկի մոտ, սակայն փոխարինող բժիշկն այդ օրն արդեն ընդունելության համար տեղ չի ունեցել, քանի որ պոլիկլինիկայում բուժառուների մեծ հերթ է գոյացել: Երբ կինը խնդրել է իրեն հերթագրել նեղ մասնագետի մոտ, որին էլ, ըստ էության, ինքն ուզում էր այցելել, նրան ասել են, որ առանց տեղամասային բժշկի ուղեգրի դա անհնար է:
Կինը գնացել է իր բուժքրոջ մոտ՝ պարզելու, թե կա՞ արդյոք նեղ մասնագետի մոտ ուղեգիր ստանալու որևէ միջոց: Պարզվել է, որ այդ մասնագետի մոտ այցելությունը վճարովի ծառայություն է, և երբ կինը նշել է ապահովագրության մասին, բուժքույրն ասել է, որ ապահովագրության հետ կապված առայժմ ընդհանրապես ոչինչ հասկանալի չէ:
Պոլիկլինիկայում դեռևս չգիտեն, թե արդյոք ապահովագրությունը կծածկի՞ մասնագետի ծառայությունները, որոնք նախկինում վճարովի էին, քանի որ համապատասխան հրաման չկա:
Հարցին, թե արդյոք կինը կկարողանա՞ ստանալ խրոնիկական հիվանդության համար իր սովորական դեղերի դեղատոմս (որոնք նա նախկինում ինքն էր գնում), պոլիկլինիկայում պատասխանել են, որ դեռևս չունեն նախարարության հաստատած դեղորայքի ցանկը: Ավելին, նա չի կարողանա անցնել դեղատոմս ստանալու համար անհրաժեշտ հետազոտությունները, քանի որ պոլիկլինիկան, ինչպես նրան բացատրեցին, դեռևս չունի լաբորատոր անալիզների համար համապատասխան կոդեր:
Ի դեպ, կինը պատմեց նաև, որ երկու տեղ է աշխատում. դրանցից մեկում սոցփաթեթի շահառու է, և աշխատավարձը 200 հազար դրամը չի գերազանցում: Սա նշանակում է, ըստ Առողջապահության նախարարության ներկայացուցիչների, որ նա ընդգրկված է պետական ապահովագրության մեջ, և նրա համար վճարում է պետությունը։ Երկրորդ աշխատավայրում առողջության ապահովագրության համար նա ինքն է վճարում։ Նա վճարողների ցանկում ընդգրկվել է միայն այն պատճառով, որ նոյեմբերին պարգևավճար է ստացել, և միայն այդ ամսվա աշխատավարձը գերազանցել է 200 հազար դրամը։ Իսկ առողջապահության նախարարությունը հենց նոյեմբերն է վերցրել որպես հաշվարկային ամիս։
Կինն այդպես էլ չի կարողացել պարզել, թե իր երկու ապահովագրական ծրագրերից որն է հիմա ծածկելու իր բուժսպասարկումը։ Հաշվապահություններից մեկը նրան ասել է, որ երբ Պետական ապահովագրության հիմնադրամը լիովին ձևավորվի (ապահովագրությունն արդեն ուժի մեջ է մտել՝ դեկտեմբերի աշխատավարձերից պահումներ են կատարվել, բայց հիմնադրամը դեռևս գոյություն չունի), նա կկարողանա դիմել հիմնադրամին և հետ ստանալ մեկ ապահովագրավճարը գերազանցող գումարը։ Նա նաև ինչ-որ տեղ լսել է, որ դա կարող է արվել միայն եկամտահարկի հայտարարագիր ներկայացնելուց հետո։
Ամեն դեպքում, պոլիկլինիկայում նրան ասել են, որ սոցիալական փաթեթով առայժմ ոչ մեկին չսպասարկելու հրահանգ ունեն։ Միակ բանը, որ պոլիկլինիկան կարող է այժմ անել, վիրահատությունների համար ստացիոնարի ուղեգիր տալն է, ինչպես նախկինում անում էին պետպատվերի դեպքում։ Մնացած բոլոր դեպքերում պոլիկլինիկաներն այցելուներին խորհուրդ են տալիս մի փոքր սպասել և մի քանի օրից այցելել։ Մեզ հետ կապ հաստատած կնոջը նույնպես խորհուրդ են տվել գնալ հաջորդ շաբաթ։
Ի դեպ, կնոջ ձեռքերն ուժեղ ցավում են, և հիմա նա ընտրության առաջ է կանգնած՝ կամ բժշկի մոտ գնալ վճարովի կարգով և արագ բուժում ստանալ, կամ սպասել հունվարի 1-ին «ուժի մեջ մտած» ապահովագրության ուժի մեջ մտնելուն։ Եվ երաշխիք չկա, որ դա տեղի կունենա գոնե հաջորդ շաբաթ։






